ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսօր Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ երեխաների համար կազմակերպել էր տոնական ուրախ միջոցառում: Մասնակիցները 4-12 տարեկան երեխաներն էին, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։

 

Արդեն ավանդույթի վերածվող միջոցառումը կազմակերպվում է «Հեքիաթային տնակում», որը ԴԱՀԿ ծառայությունն ստեղծել է երեխաների տեսակցության կազմակերպման նպատակով: Ծառայությունում հյուրընկալված փոքրիկներին է ներկայացվել զվարթ շոու ծրագիր հեքիաթների հերոսների մասնակցությամբ, իսկ այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել.

 

«Սիրելի' երեխաներ, հարգելի ծնողներ,

 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այսօր մենք կրկին հանդիպել ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Հեքիաթային տնակում», և ուրախ եմ, որ մեր հանդիպումներն արդեն գեղեցիկ ավանդույթ են դառնում: Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի անունից շնորհավորել ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկանալ՝ առողջություն, երջանկություն և անամպ երկինք: Թող գալիք տարին ձեզ համար լինի հաջողությունների և ձեռքբերումների տարի»:

 

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում ԴԱՀԿ անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը նշել է.

 

«Այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել ԴԱՀԿ ծառայությունում, և անցկացվում է այն երեխաների համար, որոնք այս կամ այն հարցով կապված են ծառայության հետ։ Այս կերպ մենք փորձում ենք լուսավոր և ուրախ պահեր ստեղծել նրանց համար, քանի որ այս երեխաները արդեն իսկ ունեն ընտանեկան խնդիրներ։ Բացի այդ, այս միջոցառումն առիթ է հանդիսանում, որ հոգեբանական կապ ստեղծվի երեխաների և Ծառայության աշխատակիցների հետ, որպեսզի երեխաները, ի դեմս հարկադիր կատարողի, տեսնեն իրենց հենարանին, իրենց բարեկամին, այն մարդուն, ով կարող է նպաստել իրենց խնդիրների լուծմանը։ Եվ այս միջոցառումները տալիս են իրենց արդյունքները»:

 

Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2013 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1163 կատարողական վարույթի, որից 1051-ն ալիմենտի բռնագանձման /դրանից մարզային բաժիններում՝ 655 ալիմենտի բռնագանձման վարույթ/, բռնագանձված գումարը ՝ 380 մլն 677 հազ. 966 ՀՀ դրամ /որից մարզային բաժիններում՝ 240 մլն 143 հազ. 633 ՀՀ դրամ/, 103-ը' երեխաների տեսակցության կազմակերպման /որից մարզային բաժիններում՝ 41 վարույթ/ և 9-ը' երեխաների հանձնման վարույթներ են /որից մարզային բաժիններում՝ 5 վարույթ/։ Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունը աշխատանք է տանում շուրջ 2600 երեխայի հետ: