Մասիս-Երևան-Մասիս երթուղու ուղևորները բողոքում են, որ ամեն օր ստիպված են լինում երթևեկել չջեռուցվող և սառցակալած պատուհաններով ավտոբուսներով:

 

«Ամեն օր օգտվում եմ, ամեն օր էլ օրվա տարբեր ժամերին այդ վիճակն է, նորմալ չեն էլ աշխատում, ի՞նչ անի վարորդը, ասում է՝ մե՞նք ինչ անենք: Եթե տաքացվեին էս մեքենաները, էս վիճակը չէր լինի հաստատ»- Tert.am-ին բողոքեց Մասիսի մի բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ:

 

Չնայած մեզ հանդիպած ուղևորներից շատերը չցանկացան ներկայանալ, բայց պայմաններից բողոքողներին բոլորը միացան:

 

«Ճիշտ չէ նման պայմաններում երթևեկելը, բայց վարորդին մեղադրելն էլ ճիշտ չէ, տրանսպորտի նախարարն է մեղավոր, վարորդին ո՛չ հաճելի է էս ձևով տանելը, ո՛չ էլ էսքան ավել մարդկանց տանելը, իր համար էլ է վտանգավոր»,- ասաց մեկ այլ ուղևոր:

 

Նշենք, որ Մասիսի ուղևորների միակ խնդիրը սառցակալած և ցուրտ ավտոբուսներով երթևեկելը չէ: Ավտոբուսները գրեթե միշտ լիքն են լինում, անգամ կանգնած ուղևորների թիվը գերազանցում է նստածների թվին: Ուղևորները նաև բողոքում են երթուղու չվացուցակից, որի պատճառով, ըստ նրանց, ընդամենը 12 կմ և 20-25 րոպե տևողությամբ ճանապարհն անցնելու համար ստիպված են լինում վատնել ավելի քան մեկ ժամ:

 

«Երեկոյան ժամերին կես ժամ սպասում ենք, որ ավտոբուսը շարժվի, եթե անգամ ոտք դնելու տեղ էլ չի լինում, մեկ է, չի շարժվում»,-բողոքեց մեկ ուրիշ ուղևոր:

 

Մի տիկին էլ վրդովված լրացրեց նրան. «Հասկացանք, որ լիքն են լինում, մեքենաները քիչ են, բայց էս սառույցի՞ն երթևեկել, սա ուղղակի անհնար է»:

 

Այդ պայմաններում ուղևորներն անգամ կատակում են՝ ասելով, թե Ռուսաստանի հետ «գազային» պայմանագրերն են մեղավոր դրա համար, ապակիների սառույցներն հիշեցնում են Ռուսաստանի եղանակային պայմանները:
Ջեռուցման խնդրի շուրջ Tert.am-ը զրուցեց Երևան-Մասիս-Երևան երթուղին շահագործող «Լիգա» ՍՊԸ–ի փոխտնօրեն Միշա Հարությունյանի հետ, ով պարզաբանելով իրավիճակը, ասաց, որ չի ջեռուցվում ընդամենը մեկ ավտոբուս, թեև մեր զրուցակից մասիսցիները հակառակն են պնդում:

 

«Մի ավտոբուսը փչացել էր, կանչել ենք սարքելու, դրա համար խնդիր են առաջացնում»,- ասաց նա և մեր դիտարկմանը, թե ուղևորներն ասում են, որ բոլոր ավտոբուսներն են այդքան ցուրտ և սառցահարած, ավելացրեց. «Էդ մեքենան դուրսն ա կանգնում, դրա համար սառցակալում ա: Ոչ թե չի ջեռուցվում, այլ չի հասցնում էդքան տաքացնի»:

 

Նրա խոսքով՝ իրենք արդեն 60 հատ նոր ջեռուցիչներ են պատվիրել, որպեսզի տեղադրերն այդ ավտոբուսներում: Ընկերության փոխտնօրենը նաև տեղեկացրեց, որ Մասիսի համար նոր ավտոբուսներ են պատվիրել, որոնք, անպայման, ջեռուցվող կլինեն, նաև՝ ավելի հարմար և ավելի գեղեցիկ: Նա խոստացավ, որ մասիսցիները 2014-ին կերթևեկեն նոր ավտոբուսներով:

 

Ստեղծված իրավիճակում բողոքի առաջին թիրախը վարորդներն են, որոնք հաճախ բանավեճի մեջ են մտնում ուղևորների հետ՝ ասելով, որ իրենք էլ ամբողջ օրն այդ պայմաններում են աշխատում, բայց այլ տարբերակ չունեն: Սակայն տեսախցիկի առաջ հրաժարվում են խոսել, հակառակ դեպքում կազատվեն աշխատանքից:

 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, երբ այդ այս ավտոբուսները Չինաստանից նոր էին բերվել, մի քանի ամիս երթուղին շահագործողները ամեն անգամ ճանապարհի կեսից՝ քաղաքի գերեզմանների մոտ, կանգնեցնում էին և հատ-հատ հաշվում ուղևորներին: Tert.am-ն այդ խնդրին նույնպես անդրադարձել էր, ինչի արդյունքում հաջորդ իսկ օրը դադարեցրին հաշվելու գործընթացը, սակայն վարորդներից մեկին ազատեցին աշխատանքից՝ ենթադրելով, որ հենց այդ մարդն է բողոքել լրագրողին: