Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու չգրված օրենքներ կան։ Այդ թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։

 

Արգելված թեմաների շարքից այս անգամ NEWS.am-ը ներկայացնում է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր եւ լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի խոսքերը հայերի մասին։

 

Թուրքիայում ծնված եւ այնուհետ Ֆրանսիա տեղափոխված Սամսոն Ազարարատը, ով 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի փարիզյան հանդիպումը, տարիներ առաջ թուրքական Milliyet-ին ներկայացրել էր թե ինչեր է իմացել Թյուրքեշը հայերի մասին։ Սամսոն Օզարարարտը պատմել է, թե Թյուրքեշի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է բաներ, որ նույնիսկ ինքը չի իմացել։

 

«Հայ-թուրքական հարաբերությունները չեն սկսել 1915-ին։ Դրանք ունեն 600 տարվա պատմություն։ Միասին երգեր ենք երգել, ճաշատեսակներ են ստեղծել, միմյանց աղջիկ ենք տվել ու առել։

 

Հայերը Մանազկերտի ճակատամարտում (1071 թ. Սելջուկները ջախջախեցին բյուզանդական բանակը-խմբ) օգնել են թյուրքերին։

 

Կոնստանդնուպոլիսը նվաճելու ժամանակ հայերը մեծ հերոսություններ են արել թյուրքերի համար։

 

Չանաքքալեի ճակատամարտում բազմաթիվ հայ սպաներ են մարտնչել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողքին։

 

Թուրքական ժամանակակից այբուբենը Աթաթուրքի պատվերով ստեղծել է հայ լեզվաբան Հակոբ Մարթայանը, ում հետագայում տրվել է Դիլաչար պատվանունը։

 

Աթաթուրքի ստորագրության հեղինակը հայ ուսուցիչ է եղել»,-ասել է Թյուրքեշը Սամսոն Օզարարատին եւ հարցրել. «Գիտե՞իր դրանց մասին»։

 

Սամսոն Օզարարարտը նաեւ հիշեցրել է, որ 1993-ի մարտի 12-ին, Փարիզի Crillon հյուրանոցում տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյան-Ալփարսլան Թյուրքեշ հանդիպումը։

 

Թյուրքեշն այդ ժամանակ հայտարարել էր, որ եթե հարաբերություններ ստեղծվի, Թուրքիան Հայաստանին կտրամադրի Թուրքիայի ցամաքային եւ ծովային ճանապարհները, կիրականացնի Տրանս-կովկասյան ավտոմայրուղին։ Ավտոմայրուղու հետ մեկտեղ պետք է ավելացվեր երկաթգիծ, գազատար ու նավթամուղ, եւ պետք է զարգանար սահմանային առեւտուրը։

 

Արգելված թեմաների նախորդ հրապարակումները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: