Պարզվում է, մի շարք լրագրողներ ու խմբագիրներ Հայաստանի անկումը դիտում են որպես Չելսիի ու Լիվերպուլի երկրպագուների հերթական կռիվ' ստադիոնի կողքերում, իշխանությունների այլասերումը դիտարկում են որպես խորհրդարանական արդյունավետ աշխատանք, Սերժիկ Սարգսյանի բացարձակ անհասկանալի պաշտոնական բարբաջանքները նկատում են որպես «երկրի ղեկավարի» պաշտոնական այցի ընթացքում արված հայտարարություններ:

 

Այսպես, եւ սա համարում են բարձր մասնագիտական որակ: Շատ հեռու, շատ սովորական մի բան է ասես իրենց համար այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա Հայաստանի հետ, Հայաստանի հանդեպ, Հայաստանի վրով: Ինչ անձնազոհ, սառնասիրտ պրոֆեսիանալներ են փաստորեն: Սրտներն իհարկե ցավում է տեղի ունեցողի համար, բայց դե պրոֆեսիոնալիզմը թույլ չի տալիս ավելին անել, քան սրա-նրա խոսքերն ուղղակի մեջբերելն է ու հայտարարելը, թե դեկտեմբերի 23-ին Աբրահամյան Հովիկի արածը քվեարկություն էր, ճիշտ իշխանության լեզվով: Սա, իրենց քանոնով, իհարկե կողմնակալություն չէ, սա բարձրագույն պրոֆեսիոնալիզմ է:

 

Լրագրությունը, իմ իմանալով, դիկտոֆոնային մշակույթ չէ, դրա համար լրագրողի մասնագիտություն ստանալ ամենեւին պետք չէ, հարկավոր է թանկանոց դիկտոֆոն ճարել, մի սոֆտ ունենալ' ձայնը տեքստ դարձնող ու' մի համակարգիչ, ավտո էլ արժե ճարել, … երկիրդ նվեր կտան, կգան, կասեն' ռուսերեն գրի այ բալա, ռուսերեն, կգան ծոցդ կմտնեն կասեն' ստեղ եմ քնելու էսօրվանից, մի երեւելի դարդ չէ, դու շարունակի սարռնասրտորեն նկարագրել' ինչ եղավ, մուկն ինչ ասաց, ինչ որոշեց: Դու մարդ չես, դու շատ ուժեղ պրոֆեսիոնալ ես: Բայց բժիշկները իրենց հարազատներին չեն վիրահատում, չեն էլ հերձում, որովհետեւ իրենք պրոֆեսիոնալներ չեն երեւի, չեն կարողանում հանգիստ խղճով իրենց պարտականությունները կատարել:

 

Ձեր թերիմացած մասնագիտական բարոյականությունը մի փաթաթեք բոլորի վզին, ավելի լավ է ֆուտբոլ մեկնաբանեք, ավստրալական, աֆրիկյան թիմերի ֆուտբոլ, որպեսզի ձեր անկողմնակալությունը կարելի լինի մասնագիտակլան վարպետության տեղ հրնդել, իսկ սոփեստությունը' չբացահայտվի:

 

Իսկ կարո՞ղ է, ես եմ անտեղի սուր ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի հաշվին, անկախության եւ ինքնիշխանության հաշվին, լավ, ասենք ես հիվանդ եմ, բա էն 4 լրագրողը Խորհրդարանի դահլիճո՞ւմ, էն 15 լրագրո՞ղը' օթյակում' շնչահեղձվող թռչունների պես ապակին էին ծեծում, էն հազարավոր մարդիկ Բաղրամյան փողոցում նույնպե՞ս հիվանդ են, զանգվածային հոգեգարության մե՞ջ ենք մենք բոլորս, ու դուք ձեր 10 պրոֆեսիանալներով առողջ ե՞ք: Երանի այդպես լիներ:

 

Ներսում բողոքող լրագրողները շատ, չափազանց անձնական են ընկալել Ս.Սարգսյանի եւ Հ.Աբրահամյանի կազմակերպած' պետության զիջման ֆարսը, որի տակից չենք կարողանալու ելնել տասնյակ տարիներ, իրենք իրենց տեղն են բողոքի ելել, ու իրավունք ունեն, ճիշտ այնպես, ինչպես նրանց քննադատողները իրավունք ունեն տաք թեյի ու շագալադ զրույցների արանքից մանր բրդել այլոց համար: Երկրում չհայտարարված արտակարգ դրություն են հասկացել էս մարդիկ, այդ կանոններով էլ վարվել են, դուք մի նկատեք այդ արտակարգ դրությունը, լա~վ էս դե, սովորական է, սակայն լավ կլիներ շնորհակալ լինեիք, որ ձեր տեղն էլ բողոքած լինեին: Էս մարդիկ էլ իսկական բժիշկների պես չեն կարեցել դիահերձել սեփական հարազատին, աղաղակ են հանել, որովհետեւ մորթ էր տեղի ունենում այսպես կոչված' խորհրդարանի, դահլիճում:

 

Բողոքող լրագրողները շատերից ավելի շուտ եւ որակյալ արձագանք են տվել երկրի բռնաբարությանը, անշուշտ կարող են լինել լրագրողներ, որոնք խելոք կնայեյին, թե ինչպես են հանձնում պետությունը, էս մարդիկ անհանգիստ են եղել, ու իրենց բարոյականությամբ են վարվել, որը հաղթահարել է ձեւական լրագրողական բարոյականությանը: Այնպես չէ, որ էս լրագրողների համար կայֆ էր' իջնել իրենց տեղերից էդ որջը ու չուգուն գլուխների առաջ հայհոյանքների տարափի տակ պարզ ճակատով կանգնել ասել' գյադեք խելքերդ գլուխներդ հավաքեք: Այդ անելու համար պատռվող սիրտ, զորավոր հոգի եւ մտածող գուխ էր պետք ունենալ:

 

Որ սա էլ չլիներ, կարելի կլիներ հայտարարել, թե մեր արդի լրագրությունը մահացել է, մնացել է դասագրքայինը: Հետեւեք այդ քառյակի կենսագրությունը, տեսեք ովքեր են նրանք լինելու 10-20-30 տարի հետո, կտեսնեք, որ պատահական բան, կամ, ինչպես ասում եք' սխալ բան, չէր իրենց արածը դեկտեմբերի 23-ին: