«Հարսանիքից առաջ փեսային սափրելու ծեսը. - փեսացուն «թագավոր էր նստում» - բազմում էր բերանքսիվայր դրված մի կողովի (քթոց) վրա, որի տակ վառվում էր մի ձեթի ճրագ: Քավորը և ազաբբաշին վառած կերոնները ձեռներին կանգնում էին նրա աջ և ձախ կողմը, իսկ երիտասարդները մի-մի վառած մոմ առած շրջապատում էին նրան: Սափրիչը «Աստուած շնորհաւոր անէ» ասելով սկսում էր ածիլել, և շերտ-շերտ մազեր թողնելով, կհարցներ. «Տղերք ջան, ով ա ուզում էս ածուն վեկալել»: Մեկը պատասխանում էր. «Ուստա ջան, ես եմ ուզում, լաւ շաղկամ կըլի բուսած, առ մի շահի»:

 

Եվ այսպես զանազան բանջարեղենի անուններ տալով և 5-20 կ. նվիրելով սափրել էին տալիս բոլորը: Երբ սափրիչն ավարտում էր՝ բոլորը միասին բղավում էին. «Աստուած շնորհաւոր անի»: Երբեմն էլ մեկը բղավում էր. թագավորը «թառն» է: Այս ժամանակ բոլորը միասին պատասխանում էին. «Աստծու գառն է»: Սափրելուց հետո ազաբբաշին կամ միևնույն սափրիչն սկսում է փեսացուի շորերը հագցնել, նախապես ցույց տալով և ամեն մի կտորը նրա գլխի վրայով երեք անգամ պտույտ տալով և գովելով: Այս միջոցին երիտասարդները պար բռնած եայլի ասելով պարում էին: - 1900-ական թթ.»:

 

Գրառումը՝ Նառա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: