Նոր տարվա խորհրդի, երկրում տիրող վիճակի և հետագայում ակնկալվող փոփոխությունների մասին Tert.am-ը զրուցել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ, ով հույս է հայտնում, որ 2014թ.-ին երկրում տիրող գաղջ մթնոլորտը, որն իսկապես գաղջ է, կպարզվի.«Մենք կտեսնենք՝ դեպի ուր ենք գնում, մենք հաղթելու ենք և լուրջ գործեր ենք անելու այս տարի»,- ասում է նա:
-Ի՞նչ խորհուրդ ունի Նոր տարին Ձեզ համար և ո՞րն է Ձեր առաջնային մաղթանքը:
- Մենք դրան Նոր տարի ենք ասում, բայց իրականում դրանք ծննդյան տոներ են, և դա ծնողների և զավակների, ընտանիքի տոն է: Եթե ես կալանքի տակ չեմ, Նոր տարին միշտ անց եմ կացնում իմ տանը, իմ ընտանիքի հետ, մենք, ձեռք ձեռքի տված, համախմբվում ենք սեղանի շուրջ և փառք ենք տալիս Աստծոն, որ այդ օրը կանք, հիշում ու նշում ենք այդ տոնը, նշում ենք իր աշխարհ գալու տոնը: Ես ցանկանում եմ բոլոր հայ ընտանիքներին բարգավաճում և սեր, ես այդպես եմ միշտ ասում: Ուզում եմ, որ Աստված ներողամիտ լինի և ների իմ հայրենակիցների մեղքերը, և Նոր տարում մենք կապրենք իր պատվիրաններով, ինչը լավ կլինի և´ մեր ընտանիքների, և´ մեր հասարակության համար:
-Հաշվի առնելով երկրի ներկայիս վիճակը՝ երկրի կյանքում ի՞նչ դրական փոփոխություններ եք ակնկալում նոր տարում:
-Ես կարծում եմ, որ տնտեսական, ինչու չէ' նաև բարոյական անկումը կանգ կառնի, որովհետև պարզվեց, որ ինչի համար Հայաստանը կորուստներ էր ունենում, ինչ-որ գաղտնի մի ձեռք Հայաստանի համար ակնհայտորեն գաղտնի վատ բաներ էր անում: Մենք հասկանում ենք, որ չի կարող պատահել, որ իշխանությունը շահագրգռված լինի, որ իր ցուցանիշները վատ լինեն, մենք հասկանում ենք, որ մաքուր ողջախոհության շրջանակում չի կարող թողնել, որ մեր սահմանամերձ գյուղերը կողոպտվեն, չի կարելի աշակերտներին տաք չպահել դպրոցում և այլն, որովհետև նրանք ապագա զինվորներ են, չի կարելի մեր աղջիկների առողջական վիճակը վատ պահել, որովհետև նրանք մեր ապագա մայրերն են, չի կարելի պակասեցնել կրթության որակը: Բայց այսօր ակնհայտորեն ոչնչացվում է առողջապահության, կրթության մակարդակները: Ընտրվում են մարդիկ, որոնք բացարձակ ավազակաբարո են, մեզ համար անընդունելի են, տգետ են, իրենց կենսագրությունը սև է, դրանք են գալիս ի պաշտպանության, մեզ համար որպես օրինակելի: Նրանք պետք է բանտում լինեն, բայց մեզ ասում են՝ հաջողակը նա է, եթե ուզում ես Հայաստանում հաջողություն ունենալ, դու պետք է ավազակաբարո լինես: Դա էր տեղի ունենում, ու մենք չգիտեինք ինչի համար է:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր դա և ինչի՞ համար էր տեղի ունենում:
-Պարզվեց, ընդամենը ուզում էին ցույց տալ, որ հայ ժողովուրդը պետական ժողովուրդ չէ, չի կարելի Հայաստանին թողնել, որ ինքն իրեն ապրի, հայ ժողովորդը պետք է կախվածության մեջ լինի ինչ-որ մեկից: Այսինքն՝ մեզ հիասթափեցնում էին մեզնից: Հիմա դա վերջացավ, ով դա անում էր, եկավ ու ասաց՝ ձանձրացել եմ ձեզ ճնշելուց, ու եկավ նվաճեց մեր երկիրը: Հիմա մենք պետք է ասենք՝ վճարիր դրա համար, եթե ուզում ես վայելել քո իմպերիալիզմը, դա թանկ արժե, վճարիր: Ես կարծում եմ՝ կվճարի:
-Իսկ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին այդ պայմաններում:
-Մենք մեր պայքարը կսկսենք, այսինքն՝ նոր որակի պայքար: Ես կարծում եմ, որ այս գաղջ մթնոլորտը, որը հայտնի է, ես իսկապես համարում եմ այն գաղջ, 2014թ.-ին կպարզվի: Մենք կտեսնենք' դեպի ուր ենք գնում, մենք հաղթելու ենք և լուրջ գործեր ենք անելու այս տարի:
- Պարոն Արշակյան, կհիշե՞ք Ձեր կյանքի ամենահիշարժան Նոր տարին:
-Ես գրեթե ոչինչ չեմ անում այդ օրերին, վայելում եմ, իմ հարազատները գիտեն, որ ես ծույլ եմ, բայց ինձ ինչ-որ տեխնիկական սև աշխատանքների են դնում, և հենց որ դրանք վերջանում են, և վառվում են լույսերը, ես հասկանում եմ, որ ես ապրում եմ: Եվ առանձնապես որևէ տարի կդժվարանամ առանձնացնել:
-Իսկ երկրի կյանքում անկախությունից ի վեր ո՞րն էր ամենահաջող տարին:
-Ամենահաջողը զինադադարն էր, այն փակում է բոլոր հաջողությունները: Այո՛, տնտեսությունը մի քիչ ավելացավ, մի քիչ պակասեց, ինչ-որ տեղ սպորտում հաջողություններ եղան, երգիչները հաջողությունների հասան, այդ բոլորը, իհարկե, հաճելի են, բայց զինադադարը մեր հաղթանակի օրն է, այն պետք է հիշել: