ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանն անցած տարվա դեկտեմբերի 24-ին ավտովթարի ենթարկվելուց հետո դեռևս բուժման մեջ է և գտնվում է անկողնային ռեժիմում:

 

«Ամեն ինչ կկարգավորվի, պարզապես՝ ժամանակ է պետք: Ես լավատես եմ, ամեն ինչ լավ կլինի»,-Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց երգչուհին՝ ավելացնելով, որ երկար չի կարող խոսել, քանի որ գլխացավեր ունի:

 

«Շատ ցավում եմ, որ այսօր ընկերոջս (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի) հոգեհանգստին չկարողացա ներկա գտնվել: Նրա մահը ես շատ ծանր եմ տանում»,-ասաց Շուշան Պետրոսյանը:

 

Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը ավտովթարի հետևանքով ուղեղի ցնցում և գանգուղեղային վնասվածք էր ստացել և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: