Հունվարի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների և բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ' շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:

 

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով ներկա երիտասարդության անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսքով դիմեց երիտասարդներին' նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին' շարունակելու իրենց աստվածահաճո կյանքը և կերտելու հայ ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան:

 

Միջոցառումը հոգևոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

 

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը մաղթեց, որ 2014 թվականը երիտասարդների համար լինի ուրախության, բերկրանքի ու հաջողությունների տարի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Աստծո օրհնությունն ունենալով' երիտասարդները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի նոր տարին լինի օրհնության տարի ինչպես յուրաքանչյուր հայ անհատի, այնպես և ամբողջ հայ ազգի ու մարդկության համար: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը' աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:

 

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եկեղեցու կողմից տարվող աշխատանքներին, Ցեղասպանության զոհերի սրբադասմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համագործակցությանը, Եկեղեցու քարոզչական գործունեությանը, սիրիահայ համայնքի ներկա կացությանը և սիրիահայությանը ցուցաբերվող զորակցությանը, բանակում իրականացվող հոգևոր սպասավորությանը և եկեղեցի-պետություն հարաբերություններին: