Արգենտինացի երկու երիտասարդ ստեղծել են լվացքի մեքենա, որն աշխատում է առանց ջրի: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Կորդոբայի պետական համալսարանի ուսանողներ Նիկոլաս Արայը և Նիկոլաս Վուկսանովիկն այս հայտնագործությունը ներկայացրել են իրենց դիպլոմային աշխատանքում: Շորերը մաքրելու համար նրանք առաջարկել են օգտագործել ածխածնի երկօքսիդը:

 

Երիտասարդները մտադիր են իրենց այս աշխատանքով նպաստել բնապահպանական խնդիրների լուծմանը՝ նպաստելով քաղցրահամ ջրերի պաշարների կուտակմանը: Հենց այս նպատակով նրանք սկսել են մշակել «առանց ջուր լվացքի մեքենայի» ծրագիրը:

 

Ի տարբերություն քիմմաքրման մեքենաների, որոնք օգտագործում են ջուր, թեև շատ փոքր քանակությամբ, այս լվացքի մեքենան աշխատում է բացարձակապես «չոր»:

 

Արդյունաբերական ոլորտում ձեռք բերած իրենց գյուտի համար, երիտասարդ մասնագետներն ավարտական աշխատանքի դիմաց ստացել են ամենաբարձր գնահատականը:

 

Գյուտարարներն արդեն արտոնագրել են նոր լվացքի մեքենան: