ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը Սերժ Սարգսյանին աջակցելու նպատակով մասնակցող թեկնածուներին բացահայտելու համար ընդդիմադիր թեկնածուներին առաջարկելու է միասնական հանել դրանք: Tert.am –ի հետ զրույցում նա ասաց, որ ՀՀԿ -ն չունի բարոյական, քաղաքական և իրավական իրավունք մասնակցել ընտրություններին իր թեկնածուով։ Ավելին, հունվարի 15-ին Անդրեաս Ղուկասյանը պատրաստվում է ներկայացնել հիմնավորված պահանջ ԿԸՀ-ին, որպեսզի անվավեր ճանաչվի ՀՀԿ-ի թեկնածուի գրանցումը։

- Գաղտնիք չէ, որ հասարակությունը կասկածանքով է վերաբերում նախագահի թեկնածուների առատությանը և կան մեկնաբանություններ, որ սա ազատ մրցակցության պատրանք ստեղծելու և Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը ապահովելու նպատակ է հետապնդում: Դո՛ւք ևս առաջադրվեցիք հասարակությանը ոչ այնքան հայտնի թեկնածուների թվում:

-Բացահայտելու համար այն թեկնածուներին, ովքեր մասնակցում են ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակին աջակցելու նպատակով,
հունվարի 8-ին առաջարկելու եմ բոլոր ընդդիմադիր թեկնածուներին միասնական հանել իրենց թեկնածությունները։ Կարծում եմ, որ այն թեկնածուները, ովքեր չեն միանա այդ առաջարկին, կարող են հանրության կողմից դիտարկվել, որպես Սերժ Սարգսյանի կողմնակիցներ։

- Դուք համարում եք, որ Հայաստանում խնդիրները նախընտրական ծրագրի պակասի, վատ կամ լավ լինելու մե՞ջ է:

-Խնդիրը միայն դա չէ։ Նախևառաջ, անհրաժեշտ եմ համարում հասնել նրան, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն չմասնակցի ընտրություններին։ Միայն այդ խնդիրը լուծելու դեպքում ընտրողների ձայնը որևէ նշանակություն կունենա ընտրությունների արդյունքի համար։ Գտնում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են ընտրակաշառքով և կեղծիքներով անցկացվող ընտրություններին, այսօր պետք է միավորվեն ՀՀԿ-ի թեկնածուին նախագահի ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկելու պահանջի շուրջ։ Նոր դրանից հետո նախընտրական ծրագրերը արժեք կստանան, և իմաստ կունենա խոսել, թե որ ընտրազանգվածի շահերն է պաշտպանում այս կամ այն թեկնածուն։

- Պարոն Ղուկասյան, Դուք ակտիվ էիք ընտրությունները բոյկոտող «Սարդարապատ» շարժման քննարկումներին մասնակցության առումով և դրանցից մեկն անցնում էր «Ընտրություն կոչվող արատավոր շրջան, ո՞րն է դրանից ելքը» խորագրի ներքո: Հիմա Դուք առաջադրվում եք որպես նախագահի թեկնածու: Մի փոքր հակասություն չկա՞ այստեղ:

- Եթե համադրեք այդ քննարկումների ժամանակ իմ ելույթների և այսօր առաջ քաշած «Նախագահի համար գործողությունների ծրագրի» դրույթները, ապա կտեսնեք, որ հակասություն չկա։ Եվ՛ մի տարի առաջ, և՛ հիմա, ես այն դիրքորոշմանն եմ, որ Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ։ Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրությունը միայն այն դեպքում կդառնա մեր հանրության համար հիմնական օրենք, եթե այն մշակվի ազատ, ոչ կուսակցական քաղաքացիներից կազմված Սահմանադրական ժողովի կողմից։

-Դուք հարում էիք «Սարդարապատին», սակայն չեք ընտրվել Նախախորհրդարանի անդամ, և առհասարակ, նախաձեռնության անդամ չեք: Ինչո՞ւ նրանց հետ չգնացիք, այլ գերադասեցիք առաջադրվել ընտրություններում, որը «Սարդարապատի» կողմից բոյկոտվում է: Կա՞ն տարաձայնություններ:

- Բոլոր նրանց, ում հայտնի է, որ ես հարում եմ «Սարդարապատին», հայտնի է նաև, որ հարում եմ նաև այլ նախաձեռնությունների, որոնք ուղղված են մեր երկրում արմատական փոփոխություններ իրականացնելուն։ Նախախորհրդարանի անդամների ընտրություններ չեն եղել։ Ինչքան տեղյակ եմ՝ Գարեգին Չուգասզյանը՝ պարզապես հրավիրել է մի խումբ մարդկանց մասնակցելու այդ նախաձեռնությանը։ Այսինքն՝ այդ մարմինը հանրության կողմից ընտրված մարմին չէ։ Ես չեմ մասնակցել այդ նախաձեռնությանը, որովհետև արդյունավետ չեմ համարում «Սարդարապատի» կողմից առաջարկված Ժանապարհային քարտեզը։

- «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ով նույնպես առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու, նշեց, որ արդար ընտրությունների դեպքում լինելու է երկրորդ փուլ և որն անցնելու են ինքն ու Սերժ Սարգսյանը: Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

- Իմ կարծիքով՝ ընտրությունները կլինեն ազատ և արդար այն դեպքում, եթե ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն չմասնակցի այդ ընտրություններին։ Հանրությունը տեղյակ է, որ ՀՀԿ-ն նախորդ ընտրություններում բաժանել է ընտրակաշառք։ Ընտրակաշառք տալը և վերցնելը քրեորեն պատժելի արարք են։ Ուստի, ըստ իս, ՀՀԿ -ն չունի բարոյական, քաղաքական և իրավական իրավունք մասնակցել ընտրություններին իր թեկնածուով։ Հայաստանի համար լավ կլիներ, եթե ՀՀԿ-ն հրաժարվեր ընտրություններում մասնակցելուց իր սեփական որոշմամբ և ոչ թե հանրային ճնշման տակ։ Այդ պատճառով հունվարի 15-ին ներկայացնելու եմ հիմնավորված պահանջ ԿԸՀ-ին, որպեսզի անվավեր ճանաչվի ՀՀԿ-ի թեկնածուի գրանցումը։ Ուժերի նախընտրական դասավորությունն ի հայտ կգա ԿԸՀ-ի համապատասխան որոշումից հետո։

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մրցակցությունը Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, էպոսագետի և մյուսների առաջադրման ֆոնին:

- Դա կախված կլինի նրանից, թե այդ գործիչները ինչ լումա կներդնեն ՀՀԿ-ի թեկնածուին ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկելու գործում։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Դաշնակցությունը գերադասեցին չառաջադրվել: Իսկ Դուք չեք խուսափում առաջադրվելուց:

- Չառաջադրվեցին, որովհետև ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն դիտարկում են ընտրությունները զուտ իշխանությանը հասնելու շանսերի տեսանկյունից։ Ինչպես տեսնում եք՝ ես այլ տեսանկյունից եմ դիտարկում ընտրությունները Հայաստանում և համարում եմ, որ դա այն պահն է, երբ քաղաքական գործիչները պարտավոր են մոբիլիզացնել հանրությունը ՀՀԿ-ին առհասարակ ընտրություններում մասնակցելու իրավունքից զրկելու համար։