Հունվարի 18-ից հետո, անշո՛ւշտ, իրավիճակի փոփոխություն կլինի, տեղաշարժեր կլինեն, որովհետև կուտակվել է բավական մեծ սոցիալական դժգոհություն և այդ դժգոհությունը չեզոքացնելու նպատակով Նախագահ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի փոփոխությունների գնալ: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ խոսելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքի, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների մասին:
«Սերժ Սարգսյանը հնարավոր երեք տարբերակ ունի. ցուցաբերել կոշտ վերաբերմունք՝ ճնշել ոչ իշխանական չորս միավորների շարժումը, գնալ նրանց պահանջին ընդառաջ՝ վարչապետի փոփոխությանը, և երրորդ տարբերակը, որին կարող է գնալ՝ այդ երկուսի համադրումն է»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը, շարունակելով, թե իր համոզմամբ, Նախագահն ընդառաջ չի գնա այն ակնկալիքներին, որն ունի «համակարգային ընդդիմությունը»:
«Իմ կարծիքով Նախագահը մի կողմից գնալու է փոփոխությունների, մյուս կողմից ցույց է տալու, որ այդ փոփոխությունները ոչ թե համակարգային ընդդիմության ակնկալիքները բավարարելու համար են, այլ՝ սեփական կադրային վերադասավորումների»,- նշեց քաղաքագետների միության նախագահը:
Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս խմբակցությունները'«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ը, «Հայ ազգային կոնգրես»–ը, «Բարգավաճ Հայաստան»–ը և «Ժառանգություն»–ը հունվարի 18-ին հանրահավաք են անելու ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի 2013-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին արած հայտարարություններին Ռոբերտ Քոչարյանի արձագանքին, Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե չի կարծում, որ Տիգրան Սարգսյանը տասը տարի առանցքային պաշտոնում աշխատելով Ռոբերտ Քոչարյանի հետ, որևէ կասկած կարող էր ունենալ նրա արագ արձագանքի հարցում:
«Նա այդ ասուլիսը տալիս, երևի թե, հաշվարկել էր, որ այդ արձագանքը լինելու է»,-ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Հաշվի առնելով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, և չկարողանալով պատասխանել «ի՞նչ անել» հարցին, վարչապետը պետք է կենտրոնանար «ո՞վ է մեղավոր» հարցի վրա, ինչը և նա արեց»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, սակայն, ի տարբերություն Հմայակ Հովհաննիսյանի, չի կարծում, թե քաղաքական վերադասավորումներ կամ իրավիճակի փոփոխություն կլինի:
«Երբ անցած տարվա մայիսին Երևանի ավագանու ընտրություններում քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարեցին գումարի դիմաց, այդպիսով ներքաղաքական կյանքը փաստացի դադարեց գոյություն ունենալ: Սեպտեմբերի 3-ից հետո էլ արտաքին քաղաքական կյանքը դադարեց գոյություն ունենալ»,- ասաց Արմեն Բադալյանը՝ ավելացնելով, թե Հայաստանում այլևս ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական կյանքում իրադարձություններ տեղի չեն ունենում:
«Հավանաբար, դժվար էլ տեղի ունենան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե արտագաղթի ինչպիսի տվյալներ կան: Հասարակության գիտակցության մեջ արտագաղթն ամբողջովին ամրապնդվել է որպես պայքարի ամենաարդյունավետ միջոց»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ Նախագահի և վարչապետի հեռակա բանավեճին, քաղաքական տեխնոլոգն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հունվարից հետո սկսել է այնպիսի քաղաքական գիծ տանել, որով փորձում է իրեն տարանջատել ներկա իշխանություններից:
«Եթե առաջ դա նկատվում էր որպես երկրորդ Նախագահի և վարչապետի միջև անհամաձայնեցում, ապա վերջին հարցազրույցի ժամանակ երկրորդ Նախագահը նաև սկսել է քննադատել ոչ միայն վարչապետին, այլև՝ կառավարությանը: Այսինքն՝ միտումը մեկն է, ցույց տալ, որ ես ոչ մի կապ չունեմ իշխանությունների հետ»,-նկատեց Արմեն Բադալյանը։
«Կարող եմ ասել, որ դա արդյունք չտվեց, որովհետև ինչքան էլ նա փորձի անջատել իրեն այսօրվա իշխանություններին, միևնույն է, այսօրվա իշխանությունները և երկրորդ Նախագահը նույնն են, դրանք նույն մարմնի ուղղակի տարբեր կողմերն են»,– նշեց նա:
Քաղաքական վերադասավորումներ, ըստ Արմեն Բադալյանի՝ հնարավոր չեն, որովհետև այս հասարակության մեծ մասն արդեն իր ապագան այս երկրի հետ չի կապում:
«Եթե հասարակության մեջ արտագաղթը և արտագաղթելու ցանկությունն այդպիսի մեծ տոկոս ունի, ապա, բնականաբար, նման հասարակությունը քաղաքական գործընթացների չի մասնակցում, պատվերներ չի իջեցնում: Այդ պատճառով քաղաքական ուժերի վերադասավորումների մասին խոսելը անիմաստ կդառնա»,-ասաց Արմեն Բադալյանը:
Նրա համոզմամբ, հնարավոր է, որ ինչ-որ նոր կուսակցություն լինի. «Ինչպես օրինակ՝ անցած տարի նշվեց որոշ կուսակցությունների մուտքը քաղաքական դաշտ, ինչպես օրինակ՝ ՀՀՇ-ն էր, ավելի վաղ «Ազատ դեմոկրատներն» էին, բայց այդ նոր կուսակցությունների ստեղծումը հասարակության կողմից արժանանում է զրո վերաբերմունքի: «Իսկ կուսակցությունները հասարակության ձեռքին եղած գործիքներն են՝ ինչ-որ մի բան փոխելու: Եթե հասարակությունը չի ցանկանում այդ գործիքներն օգտագործել, ապա դրանց ստեղծումը որևէ նոր բան չի տա»,- նշեց Արմեն Բադալյանը:
«Քաղաքական վերադասավորումներն էլ էական ազդեցություն չեն ունենա, հունվարի 18-ի հանրահավաքը ևս ոչինչ չի փոխի»,- եզրափակեց Արմեն Բադալյանը: