Ստորև ձեզ ենք ներկայացնում 2009 թ. «Ազգ» օրաթերթում տպագրված «Ամենադժվարը սեփական երաժշտությունը, մշակույթը ներկայացնելու պատասխանատվությունն է» հոդվածից մի փոքրիկ հատված:


- Դուք հաճախ եք լինում Երևանում: Ձեր գնահատմամբ՝ երևանյան համերգասրահներում առաջնակարգ երաժշտություն լսու՞մ են:

 

- Ինչքանով կարդում եմ, լսում եմ՝ կա «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնը, որ շատ լավ գործ է անում, «Վերադարձի փառատոնը», որ էլի լավ գործ է անում, բերում են մեծ անուններ, շատ ուրախալի է:


- Թվում է, այդ բոլորը կա, բայց մյուս կողմից էլ նույնիսկ կոնսերվատորիայում, ասում են, մեծ անկում է նկատվում: Մի ժամանակ կար «Դպրոցականի ֆիլհարմոնիա», կրթում էր, հիմա չափահասների մեջ քիչ չեն նրանք, ովքեր որևէ անգամ օպերային թատրոնում չեն եղել, դասական համերգ չեն լսել: Ո՞րն է դրա ելքը, ինչպե՞ս պիտի երիտասարդներին մերձեցնեն թատրոնին:

 

- Դա տարիների մեծ աշխատանք է: Չեմ կարող ասել, որ օղակն է տկար աշխատում: Բայց մի բան գիտեմ, որ օպերային թատրոնը մինչև 2003 թվականը միայն ամռանն էր աշխատում: Սա արդեն մեծ կորուստ Է: Մի քանի տարի է՝ սկսել են ամռանը և ձմռանն աշխատել: Հուսանք, որ կկարողանան տարիների այդ բացը լրացնել:


- Ի՞նչ խաղացանկ պիտի ունենա Սպենդիարյանի օպերային թատրոնը:

 

- Նրանք շեշտը դնում են ազգայինի վրա, ազգայինը, իհարկե, շատ կարեւոր է, բայց դասականները պիտի ներկայացվեն: Հիմա շատ ուրախալի է, որ Մոցարտի «Դոն Ժուանը» ներկայացրին: Ինչքան գիտեմ, օպերային ստուդիան շատ լավ աշխատանք է անում, որևէ ներկայացում չեմ տեսել, բայց գիտեմ, որ այնտեղ բավականին երիտասարդներ են ընդգրկված և զարմանալի է՝ որտեղի՞ց են այդ հրաշալի ձայները:


- Ուրեմն լավ ձայնի պակա՞ս չկա:

 

- Ոչ, չկա: Բայց լավ սովորելու խնդիր կա:


- Ի՞նչ չի ստանում Հայաստանի ուսանողը, երգիչը, երգչուհին, որ դրսում է ստանում: Գերմանիայում Ձեզ հարցրել էին Ձեր ուսուցչուհու մասին:

 

- Միշտ են հարցնում՝ դա ճի՞շտ է, որ Դուք Հայաստանում եք սովորել: Այսօր էլ են հարցնում, զարմանում են: Պակասում է պրակտիկան, ամենօրյա աշխատանքը:


- Հասմիկ, սա վերագրել հայաստանյան աշխատաոճին, շա՞տ է այսպես եղել:

 

- Չէ, երկար ժամանակ է, որ Մոցարտ չեն բեմադրել, մարդիկ հեռացել են այդ ավանդույթներից:


- Առիթ ունեցե՞լ եք երևանյան «Ալմաստը» դիտելու, որի մասին, լսել եմ մեծ դժգոհություն եղավ:

 

- Իհարկե առիթ չեմ ունեցել դիտելու, բայց ասեմ հետևալը. «Ալմաստը» մեր օպերային գրականության հաջողված գործերից է: Արժեքավոր ստեղծագործություն, բոլոր ժամանակներում արդիական, մշտնջենական թեմա: Այն շատ մեծ հնարավորություն է ընձեռում ժամանակակից մոտեցմամբ, նոր շնչով բեմադրելու համար:


- Օպերային թատրոնի հանդիսատեսը բարձրաշխարհիկ, արքունի շերտն է եղել նախկինում, ինչու չէ՝ նաև հիմա: Այսօր էլ աշխարհի մեծ թատրոններում ուղեկցում են այդ ունկնդիրները, հետո հենց այդ շերտն էլ մասնակից է լինում քննարկումների: Հայաստանում օպերային թատրոնի նկատմամբ երկրորդված վերաբերմունք կա: Պատճառն այն է, որ այսպես ասենք՝ արքունի հետաքրքրությո՞ւնը չկա:

 

-Ինձ թվում է, թե դրա կարևորությունը մեզ մոտ չեն հասկանում: Որքան կարևոր է ժողովրդի բարեկեցության, գիտակցության, ինչու չէ նաև բարգավաճման համար: Շատ երկրներում չկա օպերային թատրոն, որովհետև չեն ունեցել ու չեն էլ պատկերացնում:Բայց մեզ մոտ կա ևափսոս է չպահելը: Կային հրաշալի ավանդույթներ, պարզապես բոլորը չէ, որ դա գիտակցում են: Բարձր գիտակցություն է պետք գնահատելու համար: Կարողանալ արժեւորել, կարողանալ դրա կարեւորությունը հասկանալ, չէ ՞ որ դասական երաժշտություն լսողը վատ արարք ավելի քիչ հավանական է, որ անի, քան մյուսը, որ ագրեսիվ սերիալներ է դիտում:


- Հասմիկ, ի՞նչ է նշանակում գնահատված լինել՝ ժողովրդական արտիստի կոչում ունենալ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի շքանշանների ու օրհնանքների տերը լինել: Իսկապես սրանք գնահատված լինելու նշաննե ՞ր են, ո՞ւնեք այդպիսի գիտակցություն:

 

- Այո:


- Այդ գնահատանքի մեջ ունե՞ք այնպիսի գիտակցություն, թե պետությունը Ձեր թիկունքին է:

 

- Մի քիչ ծավալուն է հարցը, դժվարանում եմ կոնկրետ պատասխանել, կարելի է հեռուները գնալ: Բայց այսպես ասեմ՝ կուզենայի հզոր պետություն ունենալ:

 

 

Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ