Մովսես Գևորգի Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին Երևանում:
1984թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: 1986-ին աշխատանքի է անցնում Գորիսի դրամատիկական թատրոնում: Սակայն 28-ամյա երիտասարդի երակներում հոսում էր պապի' հայրենասեր, քաջ Սամի Չաուշի արյունը, որը դեռ վաղ տարիքից Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում էր և ուխտել էր ծառայել հայությանը ու հավատով սպասում էր, որ մի օր պիտի բարձրանա հայկական եռագույն դրոշը:
Մովսեսը 1987-ին դարձավ «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության անդամ, իսկ 2 տարի հետո դարձավ «Անկախության բանակի» հիմնադիրներից մեկը: Նա նաև հանդիսանում էր «Հայրենիք» և «Հրապարակայնություն» ամսագրերի հիմնադիրն ու խմբագիրը: Մեկն էր այն անկախ, ազատասեր մարդկանցից, ով 1989-ից հանդես եկավ խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ և համարձակ կոչ արեց ողջ հայությանը' ազատ, անկախ պետություն ստեղծելու:
Մի շարք հրապարակումներով ու ելույթներով պաշտպանել է արցախահայության պահանջները: Նա բազմաթիվ ելույթներով հորդորում էր հայրենակիցներին, որ անկախությունը էություն է, կեցության պատվարժան ձև, որ անկախությամբ հայն ուզում է իր ազգությունը, դիմագիծը, տեսակը պահպանել: Մովսեսը համոզված էր մի բանում. «Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն և այլևս գոյություն չունի, մնացած բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»:
Այսպիսի ոգեշնչումով նա 1988թ. մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ բարձրացրեց «եռագույն» դրոշը, որով ազդարարեց ամբողջ աշխարհին հայի ազատատենչ հոգու և անկոտրուն կամքի, ու իրականացրեց իր հերոս պապի' Սամի Չաուշի երազանքը:
1990թ. հունվարին Մովսեսն իր ջոկատով մեկնեց Երասխ, որտեղ թշնամին բարձրունքներից անընդմեջ ռմբակոծում էր մոտակա հայկական բնակավայրերը: Նրա կազմակերպած մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվեց թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվեց մեծ քանակությամբ զինամթերք: Բայց բարձունքը, որտեղից թշնամին ակտիվ գրոհում էր, դեռ գրաված չէր: Մովսեսը ջոկատով գրոհեց բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվեցին, սակայն Մովսեսը զոհվեց հունվարի 19-ին' արդարության զենքը ձեռքում պահած, իսկ սրտում' ազատության տենչը:
Մովսես Գորգիսյանը թաղվել է Ծիծեռնակաբերդում և հետմահու պարգևատրվել «Հայրենիք» շքանշանով: