Tert.am Այս գիշեր հայ հաքերները կոտրել են ադրբեջանական շուրջ 13 կայք և տեղադրել նախորդ գիշեր Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողությունների ընթացքում զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ադրբեջանական կողմը միշտ հունվարի 20-21-ին հայկական կայքերի վրա հարձակումներ է իրականացնում, քանի որ այդ օրերին հայկական ջարդերից հետո ռուսական կարմիր բանակը մտավ Ադրբեջան:
«Մի քանի շաբաթ նրանք կլռեն, քանի որ նախապատրաստվում են օրացույցային հաջորդ օրվան՝ Խոջալուի դեպքերի հետ կապված: Այս տարի նրանք կոտրեցին շուրջ 60 կայք, բայց սրանց մեջ մտնում են նաև նույն կայքի տարբեր հասցեները, սակայն անցած տարի հարձակումն ավելի ուժեղ էր»,- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը ցավով նշեց, որ ադրբեջանցի հաքերները կարողացել են կոտրել Արցախի պետական կայքերը, ինչի փաստում է դրանց խոցելի լինելու մասին:
«Որքանով որ պաշտպանված են ՀՀ-ի պետական կայքերը, այդքանով տխուր վիճակում է գտնվում Արցախի պետական ցանցը: Այս անգամ էլ 5 կայք էր թիրախ դարձել: Դրանցից մի քանիսը մինչև հիմա վերականգնված չէ: Մի մասը անջատել են, մինչև հասկանան ինչ է կատարվում: Պետք է նրանց շնորհակալ լինել, որ ցույց են տալիս մեր թերությունները»,- ասաց նա:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ընդգծեց, որ հաճախ կոտրում են այն կայքերը, որոնք ընկերությունների համար կարևոր նշանակություն չունեն:
«Ընկերությունը մի անգամ պատվիրում է և չի թարմացնում, չի հետևում, հետևաբար այն դառնում է խոցելի։ Պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է գումար ծախսել: Բայց անցյալ տարի ավելի շատ կայք էին կոտրել, մոտ՝ 300, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 1000: Ամեն դեպքում տարեց տարի թիվը նվազում է»,- ասաց նա: