Հայաստանում վիճակահանությամբ զորակոչի անցկացումը հեղափոխիչ շրջադարձ էր, որը եկավ ապացուցելու, որ զորակոչն այլևս չպետք է որոշ մարդկանց համար փող աշխատելու միջոց լինի: Զորակոչի անցկացման նման մեխանիզմը հանգեցրել է նրան, որ այս գործընթացում կաշառակերությունն ու հովանավորչությունն այլևս տեղ չունեն: Նման կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանը: «Ես կարծում եմ, որ վերջին տարիներին զորակոչի գործընթացի նկատմամբ հասարակական վստահության մակարդակը զգալիորեն բարձրացել է:
Հետևողականորեն իրականացվում է քաղաքականություն ամրապնդելու արդարության և օրինականության սկզբունքները զորակոչի ընթացքում: Վիճակահանության իրականացումը ևս մեկ քայլ էր այս ուղղությամբ: Այն եկավ ավելի մեծ վստահություն ներշնչելու, որ կաշառակերությունը և հովանավորչությունը տեղ չպետք է ունենան և դուրս են մղվում զորակոչի գործընթացից»,- նշեց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ վիճակահանության գործընթացը թափանցիկ եղանակ է, քանի որ դրան մասնակցում են զորակոչիկների ծնողները, զորակոչիկները, ովքեր համապատասխան տուփերից հանում են թղթերը, որոնց վրա գրված է այն զորամասի համարը, որտեղ իրենք զորակոչվելու են: Այնուհետև այդ համարները ցույց են տրվում բոլորին, հայտարարվում են այդ համարները, գրանցվում են վիճակահանության թերթիկում, որի տակ ստորագրում է զորակոչիկը: Անմիջապես նաև այդ զորամասի համարը զորակոչիկի անվան դիմաց ներմուծվում է համակարգիչ: «Այսինքն' վիճակահանության արդյունքները կեղծել բացարձակապես անհնար է, ռիսկը հավասարեցված է զրոյի:
Ես շատ դրական եմ գնահատում նախարարի այս նախաձեռնությունը, և բացի այն, որ այդ մեխանիզմը, թափանցիկ լինելով, ապահովում է գործընթացի օբյեկտիվությունը, պետք է ասել նաև, որ գեներալները, որոնց վստահված է այս գործընթացի իրականացումը, պատվախնդիր մարդիկ են և շատ լավ կատարում են իրենց գործը՝ համարելով, որ զորակոչի գործընթացը չպետք է համարվի փող աշխատելու միջոց ինչ-որ մարդկանց համար: Եվ այս առումով ես կցանկանայի դիմել մեր ծնողներին, հասարակությունը, որպեսզի մեկընդմիշտ որոշենք, որ համապետական այս կարևոր մի ջոցառումը պետք է իրականացվի բացարձակ արդար սկզբունքների հիման վրա և հասարակության կողմից եկող ճնշումը պետք է գնալով թուլանա» ,- նշեց նա: Հարությունյան նշեց, որ համակարգի ներսում այս շրջադարձը ստացվել է՝ հավելելով, որ կիսում է այն կարծիքը, որ այս քայլը հեղափոխիչ շրջադարձ է և այն այլևս անշրջելի է լինելու:
Անդադառնալով արդեն ավարտված ձմեռային զորակոչի ընթացքին՝ Հարությունյանը նշեց, որ դրական է գնահատում դրա ընթացքը: Զորակոչն ուներ մեկ առանձնահատկություն ևս՝ դա այն էր, որ այն ըստ էության իրականացվեց ձմռան երկու ամիսներին: «Զորակոչը կանոնավոր ընթացավ, ժամանակին իրականացվեց զորակոչիկների բժկական հետազոտությունը, ուսումնասիրվեցին նրանց ընտանեկան պայմանները, նրանք, ովքեր ենթակա են զորակոչման, անցան զորակոչային գործընթաց, զորացրումն իրականացվեց ժամանակին, նոյեմբեր-դեկտեմբերին, այսինքն' զորակոչը կանոնավոր գործընթաց է, որն իրականացվեց սահմանված ժամկետներում և բավարար մակարդակով»,-ասաց նա:
Զորակոչի ընթացքում քաղաքացիների բողոքների և դիմումների քննարկման հանձնաժողովը, որը գործում է հասարակական խորհրդի հովանու ներքո ստացել է 172 դիմում և բողոք, որը փոքր-ինչ ավելի է, քան նախորդ երկու զորակոչերի ընթացքում: Դրանց մեծ մասը վերաբերվել են զորակոչիկների առողջական խնդիրներին, եղել են նաև դիմում-խնդրանքներ՝ կապված ծառայության օրերի և ընտանեկան հանգամանքով զորակոչիկներին տարկետում տրամադրելու հարցերի հետ: Բոլոր դիմում բողոքները հանձնաժողովում քննարկվել և համապատասխան ընթացք են ստացել: Գեղամ Հարությունյանը տեղեկացրեց, որ դիմում-բողոքների շուրջ 35-37 տոկոսի քննարկման դեպքում հանձնաժողովը անհրաժեշտություն չի տեսել միջամտել զորակոչի ընթացքին: «Այսինքն համարել է, որ միջամտության համար բավարար հիմքեր չկան:
Մնացած դեպքերում հանձնաժողովը հանդես է եկել համապատասխան միջնորդություններով, որոնք, պետք է ասեմ, անխտիր քննարկվել են զորակոչային մարմինների կողմից: Եթե խոսելու լինենք միջնորդությունների և դրանց հիմքում ընկած դիմում-բողոքների բավարարման տվյալների մասին, ապա դեռևս վաղ է: Մենք առաջիկա շաբաթվա ընթացքում կհավաքենք բոլոր տվյալները վերջնական որոշումների մաս ին և այնուհետև կկարողանանք ավելի ստույգ պատասխանել այդ հարցին»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով դեպքերին, երբ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները հայտնվում են բանակում, Հարությունյանը նշեց, որ նախարարի կողմից խիստ ցուցում է տրված իրականացնել զորակոչիկների առողջական վիճակի օբյեկտիվ բժշկական քննություն և գնահատում: Նախ առողջական վիճակի համակողմանի հետազոտություն պետք է կատարվի, որպեսզի հնարավոր լինի ճիշտ գնահատել այն: «Դա նույնպես ժամանակին իրականացվում է:
Անհրաժեշտության դեպքում զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար բուժհաստատություններ, բժշկական ակտեր են ստանում, որոնց հիման վրա կատարվում է բժշկակ ան փորձաքննություն: Չեն բացառվում վրիպումներ և թերացումներ այս գործընթացում և դրա համար տարեցտարի մենք զարգացնում ենք բողոքարկման մեխանիզմենրը, ինչպես նաև հասարակական վերահսկողության գործառույթը, ինչն իր մեջ մարմնավորում է հենց հասարակական խորհրդի հովանու ներքո գործող զորակոչային հանձնաժողովը»,- ընդգծեց Հարությունյանը:
Եթե լինում են հարցեր, որոնք գրավում են բողոքների և դիմումների հանձնաժողովի ուշադրությունը և լինում են հիմնավորված մտահոգություններ հանձնաժողովը միջամտում է այդ գործին: Հարությունյանի խոսքով՝ դա բավականին արդնուավետ մեխանիզմ է և քիչ չեն դեպքերը, երբ զորակոչային մարմինները վերանայում են իրենց' նախկինում կայացրած որոշումները: Այս աշխատանքն ավելի շատ համագործակցություն է զորակոչային մարմինների հետ և ընդհանուր առմամբ համագործակցության մակարդակից, իսկ Գեղամ Հարությունյանը՝ որպես հասարական խորհրդի և հանձնաժողովի նախագահ, գոհ է:
«Մեր միջնորդությունները չեն անտեսվում, մենք ներկայացնում ենք ոչ միայն հասարական կարծիք, այլ նաև մասնագիտական կարծիք, քանի որ հանձնաժողովը համալրված է և իրավաբաններով, և բժիշկներով, և դա հնարավորություն է տալիս մեզ բավականին օբյեկտիվ վերլուծել գանգատները և կատարել անհրաժեշտ վերլուծություններ, որոնք ուղարկվում են համապատասխան մարմիններին»,- նշեց նա:
Հայաստանում ավարտվել է 2013թ.-ի ձմեռային զորակոչը: Զորակոչն իրականացվեց դեկտեմբեր-հունվարին: Այս զորակոչի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այն անցկացվում էր վիճակահանությամբ, որի ընթացքում զորակոչիկներ համապատասխան տուփերից հանում էին այն զորամասերի համարները, որտեղ իրենք զորակոչվելու էին: Զորակոչի նոր կարգը գոհացնում է ինչպես Պաշտպանության նախարարությանը, այնպես էլ զորակոչիկներին և նրանց ծնողներին:
«Արմենպրես»