Ձյան առատ տեղումներ ալպյան երկրներում, վիթխարի ալիքներ Իսպանիայում, հեղեղումներ Իտալիայում. եղանակը տհաճ անակնկալներ Է մատուցում Եվրոպային, որոնք արդեն հանգեցրել են մի քանի մարդու մահվան, հաղորդում Է  Deutsche Welle-ը:

 

Փետրվարի առաջին օրերին չափազանց անբարենպաստ եղանակային պայմաններ են ստեղծվել Եվրոպայի՝ միանգամից մի քանի պետություններում: Անբարենպաստ եղանակից առանձնապես տուժել են Իտալիան, Իսպանիան, Սերբիան, Սլովենիան, Ավստրիան եւ Շվեյցարիան:

 

Չդադարող անձրեւներն Իտալիայում հանգեցրել են սաստիկ հեղեղումների, որոնց հետեւանքով փետրվարի 2-ին զոհվել Է երեք մարդ, այդ թվում՝ յոթնամյա մի երեխա: Պիզայում եւ դրա շրջակայքում տարահանվել են հարյուրավոր մարդիկ, քանի որ Առնո գետը դուրս Է եկել ափերից: Բացի դրանից, Բերգամոյում բնակիչներն ստիպված են եղել փրկվել սողանքից, իսկ Հռոմում վատ եղանակի պատճառով երկու օրով փակվել են դպրոցները:

 

Իսպանիայում վիթխարի ալիքներն զգալի վնաս են հասցրել տուրիստական ենթակառուցվածքին, Ֆրանսիայի ատլանտյան ափին նույնպես ավերումներ են եղել, թեեւ նվազ զգալի, հաղորդել Է BBC-ն:

 

Իսպանիայի հյուսիսի Լուարկա բնակավայրում ջրի՝ մինչեւ տասը մետրի հասնող հորձանքները քանդել են ծովային թանգարանը՝ վիթխարի կաղամարների եզակի հավաքածուով: Հիմնարկությանը հասցվել Է ավելի քան 2 միլիոն եվրո գումարի վնաս: Սան Սեբաստյան առափնյա քաղաքում փողոցները ծածկվել են մեկուկես մետր բարձրությամբ ջրով: Բերմեո ձկնորսական նավահանգստում ալիքները մասնակի քանդել են նավամատույցը եւ ջրասույզ արել երեք նավ:

 

Ձյան սաստիկ տեղումները հանկարծակիի են բերել Սերբիայի եւ Սլովենիայի բնակիչներին: Սերբիայի հյուսիսային տարածաշրջաններում շուրջ հազար մարդ ձյան տակ Է թաղվել ավտոբուսներում եւ սեփական ավտոմոբիլներում: Նրանց օգության են ուղարկվել զինվորականներ: Նրանք ձյան գերության մեջ հայտնվածներին ազատել են տանկերի եւ ուղղաթիռների օգնությամբ: Այդ քանակությամբ ձյուն երկրում չի տեղացել արդեն 50 տարի: Սլովենիայում սառցե անձրեւը 90 հազար բնակիչների թողել Է առանց Էլեկտրականության:

 

Ամբողջ Արեւելյան Եվրոպայում հանգստյան օրերին մոլեգնել են ձնաբուքերը եւ սաստիկ քամին՝ առանձին տարածաշրջաններում ընդհուպ մինչեւ փոթորկի նախազգուշացումներ:

 

Շվեյցարիայի եւ Ավստրիայի լեռնային շրջաններում ստեղծվել Է ձնահյուսավտանգ իրադրություն: Ձնահյուսի հետեւանքով Ավստրիական Ալպերում արդեն զոհվել Է մեկ մարդ: Տարերքի դեմ պայքարելու համար գործի են դրվել հազարավոր զինվորներ: Շվեյցարիայում վատ եղանակի պատճառով լրջորեն խախտված Է երկաթուղային հաղորդակցությունը: