Հայկական առաջին պլանշետն արտադրողները փետրվարի 4-ին Երևանում «Արմթաբ»-ը պաշտոնապես ներկայացրին հանրությանը՝ նրանց բուռն հետաքրքության պայմաններում: Մշակող և արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը հիշեցրեց, որ «Արմթաբի» գաղափարը հանրայնացվել է 2013 թվականին: «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ նշելու «Արմթաբի» ծնունդը մեր բոլորի համար, մեր հայրենիքի ու հասարակության համար»,- նշեց Չակարյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսներին գործարանը կսկսի պլանշետների մասսայական արտադրություն: «Մենք ստանում ենք անհավանական աջակցություն' մեր գործունեությունը հնարավորին արագ կազմակերպելու համար»,- նշեց Չակարյանը՝ վստահեցնելով, որ «Արմթաբի» պատիվը բարձր կպահեն ամբողջ աշխարհում:

 

Նա նշեց, որ ներկայումս «Արմթաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, «Արմթաբ» պլանշետներում ներդվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Ընկերությունը նպատակ է դրել 2015 թ. ներկայացնել «Արմթաբ» պլանշետները Հայաստանի դպրոցական համակարգերում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

 

Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանեց, որ ներդրումային ծրագիրը լավագույններից է' թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության և թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով: Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ես խոնարհվում եմ հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշեց Էրիկ Ռայենը:

 

Շուրջ 200 հյուրերի թվում էին ՀՀ վարչապետը, Էկոնոմիկայի, Կրթության և գիտության նախարարներ, դեսպաններ, պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր, գործարարներ և շահագրգիռ այլ անձինք: Շնորհանդեսը սկսվեց «Արևիկ» մանկական երգչախմբի կատարմամբ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի դեկտեմբերի 6-ի նիստն անցել է հայկական արտադրության առաջին պլանշետի (Armtab) և առաջին հեռախոսի (Armphone) ներկայացմամբ: Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմի քս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը' 135 դոլար: ՀՀ կառավարությունը թույլատրել է արտադրող ընկերությանը՝ գործունեություն ծավալել Ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը' ԱՄՆ–ում և Հոնկոնգում: Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունում ներգրավել 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետի: