-Պարոն Շարմազանով, այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ օֆշորային սկանդալի հետ կապված Հանրապետական կուսակցությունը քննարկում է վարչապետի հրաժարականի հարցը: Ի՞նչ կասեք:

 

-Նախ պետք է նշեմ, որ կառավարության, վարչապետի նշանակման հարցը լուծվում է ընտրությունների միջոցով: Ընտրությունները տեղի են ունեցել և՛ 2012-ի մայիսին, և՛ 2013 թվականի փետրվարին: Երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը: Եվ իշխող քաղաքական ուժն է Նախագահի գլխավորությամբ որոշում կառավարության կազմն ու վարչապետին: Սա առաջինը:

 

Ինչ վերաբերում է մամուլի այսօրվա հրապարակմանը, ապա պետք է ասեմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունում երբեք վարչապետի հրաժարականի հարց չի քննարկվել: Եվ բոլոր նրանց, ովքեր որ շատ են շահագրգռված այդ հրաժարականով, պետք է ընդամենը խորհուրդ տամ սթրեսից զերծ մնալու համար սառը ջուր խմել:

 

-Իսկ նախարարների փոփոխության հարց քննարկվե՞լ է: Օրերս գրվեց այդ մասին:

 

-Կուսակցության Գործադիր մարմինը չի քննարկել կառավարության փոփոխության հարցը, և որևէ կադրային խնդիր չի քննարկվել: