ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով դիմել է ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին ասված է ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հողարդագրության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

«ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի' սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում, այդ 2 ընտանիքներից' Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը ապօրինաբար զավթած բնակարանից զատ' վերոնշյալ ծրագրի շրջանակներում 2 սենյականոց բնակարան է ստացել Մուշ 2-2 թաղամասի թիվ 44 շենքի 27 հասցեում:

 

Նշյալ ընտանիքները բազմիցս ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զգուշացվել են ապօրինաբար զավթած բնակարաններն ազատելու համար: Ավելին' նշյալ 2 ընտանիքներից Հասմիկ Նազարեթյանի ընտանիքին 2012 թվականի հունիսին նախարարությունը թույլատրել է մինչեւ 2012 թվականի հոկտեմբեր շարունակել ապրել տվյալ բնակարանում, մինչ այն պահը, երբ ծրագրի շրջանակներում օրինական բնակարան է ստացել: Սակայն Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը խախտել է պայմանավորվածությունը եւ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2013 թվականի հունիսին կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ պետական սեփականություն հանդիսացող վերը նշված բնակարանում Հասմիկ Նազարեթյանը շարունակում է ապօրինաբար բնակվել: Հետեւաբար, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը դատարան է դիմել ապօրինաբար զավթած պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ազատելու պահանջով»: