Ռուսաստանը կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, առաջին հերթին Սիրիայում, զինադադար հայտարարել Օլիմպիադայի եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ:

 

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ձմեռային Օլիմպիադայի կազմակերպիչ, հաստատակամորեն կոչ Է անում բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին, անկախ երկրներից ու մայրցամաքներից, այդ ընթացքում հայտարարել «օլիմպիական զինադադար»:

 

Առաջին հերթին մեր կոչն ուղղված Է Սիրիայի արյունահեղ հակամարտության կողմերին, որը ապակայունացնող լուրջ ազդեցություն Է գործում ոչ միայն այդ երկրի իրադրության վրա, այլեւ ամբողջ տարածաշրջանում»,-փետրվարի 6-ին հաղորդվում Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

 

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սոչիում Միջազգային օլիմպիական կոմիտեի 126-րդ գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ նույնպես կոչ Է արել Սոչիի Օլիմպիական խաղերի անցկացման ընթացքում ամբողջ աշխարհում դադարեցնել ռազմական հակամարտությունները: 

 

Պան Գի Մունը ողբերգություն Է համարել այն, որ աշխարհում ոչ բոլոր ռազմական հակամարտություններն են դադարեցվել: «Դա լուրջ անհանգստություն Է առաջացնում: Ես բոլորին կոչ եմ անում վայր դնելու զենքը թեկուզեւ Սոչիի Խաղերի ընթացքում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է աշխարհի մի շարք երկրներում տակավին արյուն հեղվում: