ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը փետրվարի 7-ին ընդունել է «Հայաստանի հարավային երկաթուղի», «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» կոնցեսիոն ծրագրերի կառավարիչ, «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ Տնտեսապես հիմնավորված լինելու դեպքում՝ ընկերությունը կիրականացնի նաև նախագծումը, ֆինանսավորումը, կառուցումը և շահա գործումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի ներկա վիճակի, ֆինանսավորման, ինչպես նաև տեխնիկական հսկողության իրականացմանն առչնվող հարցեր:

Արթուր Առաքելյանը նշել է, որ ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ աշխատանքը, հստակեցնել հետագա անելիքները, սահմանել ժամկետներն ու նշանակել հիմնական պատասխանատուներին:

Ջոզեֆ Բորկովսկին տեղեկացրել է, որ երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն պատրաստվել և ներկայացվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:

«Առաջիկայում տեղի կունենա շնորհանդես, որի ընթացքում ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը կներկայացնենք նաև շահագրգիռ մյուս կողմերին և հանրությանը՝ ակնկալելով նաև քննարկումներ: Այս ամենի նպատակը տեխնիկատնտեսական ուսումնասիրության ընդունումն ու ծրագծի ընտրությունն է»,- նշել է Ջոզեֆ Բորկովսկին:

Ծրագրի վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացման համար Արթուր Առաքելյանը կարևորել է համապատասխան բովանդակությամբ տեսաերիզի պատրաստումը:

Հանդիպման ավարտին Բորկովսկին շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ նախագծի շրջանակներում ցուցաբերած աջակցության համար, և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանան ապահովել ծրագրի արագ առաջընթացը: