Փետրվարի 11-ին լրացավ օղակների արքա, օլիմպիական եռակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանի 85-ամյա հոբելյանական տարեդարձը:
Լեգենդար մարմնամարզիկի պատվին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծարման երեկո էր կազմակերպել:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ, հարազատներ ու ընկերներ: Օղակների անպարտելի արքային առաջինը շնորհավորեց և յուրօրինակ անակնկալ մատուցեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը' նշելով, որ լեգենդներին պետք է գնահատել ու մեծարել հենց կենդանության օրոք:
Տաղանդաշատ մարզիկը նշեց, որ կատարած աշխատանքի դիմաց լավագույն պարգևը գնահատված լինելն է:
Հարկ է նշել, որ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոնն այսօր էլ իրեն առանց սպորտի չի պատկերացնում: Հայաստանի միակ օլիմպիական եռակի չեմպիոնն այժմ ղեկավարում է իր հիմնադրած և իր անունը կրող մարզադպրոցը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի օրը սկսվում է նախավարժանքով: Չնայած 85 տարեկան հասակին' նա գերազանց մարզավիճակում է:
Հոբելյանական երեկոն հիշարժան է ու ջերմ. սիրելի մարզիկին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղում բոլորը: Բազմաթիվ կոչումներին ու պարգևներին այսօր ավելանում են նորերը: Օղակների անպարտելի արքան վստահ է՝ հարազատների կողքին ու սիրելի մարդկանց հետ դեռ բազմաթիվ տարեդարձներ է տոնելու: