Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ԵԿՄ 10-րդ համագումարը:
Համագումարի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս համագումարը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ չկա ո′չ պատերազմ, ո′չ խաղաղություն: Իրական պատերազմում պարտված և այդ պարտության դառը պտուղները քաղող հակառակորդը, իսկ եթե ավելի որոշակի խոսենք, Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդի հարցում փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Ղարաբաղի համար պայքարը շարունակվում է: Հակառակորդի կրակոցներից մեր սահմանին զոհվում են զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Նման արարքը պատերազմի հետ կապ չունեցող սովորական մարդասպանություն է: Լայնածավալ պատերազմ սկսելու համար նրանք չունեն ոչ կարողություն և ոչ էլ հնարավորություն: Ահա այս մարդասպանություններն են, որ Ադրբեջանի կողմից իր ժողովրդին ներկայացվում է իբրև պայքար հանուն Ղարաբաղի»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով՝ սահմանին կատարվող մարդասպանություններն ունեն ևս մեկ նպատակ: «Մենք չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի պաշտոնական օրացույցում հունվար և փետրվար ամիսները գերծանրաբեռնված են սև օրերով: Թե ինչու է այդպես ստացվել, այլ հարց է, բայց նրանք դրա համար մեղադրում են հայերին և աշխարհում բոլորին, բայց ոչ իրենց: Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն փորձը, որն անփառունակ վախճան ունեցավ, հենց հունվարի 20-ին է: Այդ օրվա մասին ես մի բան կասեմ. Ադրբեջանի իշխանություններին դեռևս հաջողվում է իր ժողովրդի համար կեղծել անգամ հունվարի քսանի դասերը: Մինչդեռ իրականությունը միշտ էլ ջրի երես դուրս գալու հատկություն ունի: Սահմանին կանգնող 20-ամյա երիտասարդները սահմանին կանգնում են այնպես, ինչպես ժամանակին դուք եք կանգնել, երբեմն նաև, չնեղանաք, ավելի լավ, քան մենք: Ադրբեջանին թվում է թե, եթե մենք չենք մոլորեցնում մեր ժողովրդին, մենք թույլ ենք, նրանց թվում է, որ եթե մենք բաց և հրապարակավ քննարկում ենք մեր երկրում եղած բոլոր դժվար խնդիրները, մենք թույլ ենք: Նրանք չեն հասկանում, որ հենց դրանում է մեր ուժը: Չեն էլ կարող հասկանալ, քանի որ այդ արժեքներն իրենց հասու չեն: Մենք նրանց պես ողորմելի քարոզչություն վարելու կարիքը չունենք»,-ասաց Սերժ Սարգսյանը: