Արտագաղթը Հայաստանի ամենացավոտ, ամենասուր պրոբլեմներից մեկն է: Այս մասին Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում պատասխանելով պատմաբան, ԵՊՀ դասախոս Էդիկ Մինասյանի հարցին, նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Թող որևէ մեկին չթվա, թե արտագաղթի խնդիրն իրեն շատ ավելի է մտահոգում, քան ինձ: Իրոք, ինձ մտահոգող մենամեծ խնդիրներից մեկն է, բայց մյուս կողմից էլ, ես չեմ ընդունում այս թեմայի շահարկումը' քաղաքական նպատակներով: Ես չեմ ընդունում այս պրոբլեմի լուծումը' ծնկները ծեծելով, լացուկոծով: Բոլորիս համար պարզ է, որ այս պրոցեսը ժամանակավոր բնույթ ունի, և այն տարբեր զարգացման միտումներ է դրսևորում, տարբեր ժամանակահատվածներում»,-պարզաբանեց Սարգսյանը: Նրա գնահատմամբ' 1992 թվականին Հայաստանը լքել է 200 հազար մարդ, ապա' այդ պրոցեսը դանդաղել է և 2001 թվականին մեր երկիրը լքել է մոտ 60 հազար մարդ:
«Փառք Աստծո, հետագա տարիներին պրոցեսը դանղադել է, և ոչ միայն դանդաղել է այլ վերածվել է ներգաղթի: Իսկ 2013 թվականի համար 31 հազարը մեծ թիվ է, որովհետև մեր երկրի բնակչությունը ընդամենը 3 միլիոն է, և պատկերը բոլորովին այլ կլիներ և որևէ մտագոհության առիթ չէր լինի, եթե մեր բնակչության թիվը հասներ 10 կամ 12 միլիոնի»,-ասաց երկրի ղեկավարը: Մյուս կողմից, 31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չլինի պայքարել, նվազեցնել: «Մենք անպայման դրան հասնելու ենք: Առավել ևս այս լսարանի համար պետք է հասկանալի լինի, որ պրոբլեմը չի դադարում պրոբլեմ լինելուց, եթե դադարում ես խոսել դրա մասին: Երբեք պրոբլեմը չի լուծվում լացուկոծով, շահարկումով, այն լուծվում է աշխատանքով: Մենք բոլորս միասին պետք է աշխատենք»,- հավաստիացրեց Սարգսյանը' հավելելով, որ ժամանակի ընթացքում հանգելու ենք դրական բալանսի: