ՀՀ նախագահը պարզաբանումներ է ներկայացրել Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի կնքման առնչությամբ ՀՀ կառավարությանը ներկայացվող քննադատություններին: Երկրապահների 10-րդ հոբելյանական համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը, պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, նշեց, որ ամբողջովին կիսում է այն կարծիքը, որ հանրության մեջ տարակարծություն կա գազային համաձայնագրերի կնքման կապացությամբ: «Նախ կարծում եմ, որ վաղուց հուզմունքը պետք է անցներ, որովհետև մենք դեկտեմբերի երեքին ստորագրեցինք գազային պայմանագիրը, իսկ ԱԺ-ն հաստատեց այն, որով էլ ուժի մեջ մտավ: Ամբողջովին կիսում եմ կարծիքը, որ հանրության մեջ տարակարծություն կա, որովհետև շատ մարդիկ, ելնելով տարբեր պատճառներից, չեն ցանկանում ճշմարտությունն ասել, փորձում են մեծ ձեռքբերումը սևացնել, ոմանք կատաղությունից, որ մեզ հաջողվել է ունենալ այդպիսի լավ պայմանագիր, փորձում են ամեն ինչ գլխի վայր շուռ տալ»,-ասաց նախագահը:
Նա կետ առ կետ անդրադարձավ առավել հաճախ հնչող քննադատություններին: «Որպեսզի կարողանամ ապացուցել իմ ասածները, եկեք հերթով անդրադառնանք այն հարցերին, որոնք, ըստ իրենց, շատ տրամաբանական են: Ուզում եմ բոլորս միասին տեսնենք, թե այս գազի պայմանագրի էությունը որն է: Նախևառաջ, գազի պայմանագրի էությունը գազի գնի մեջ է: Այսքան ժամանակ լսե՞լ եք, որ այդ բանավիճողները խոսեն գնի մասին: Առաջին հերթին, թող խոսեն գնի մասին և ասեն, եթե գինը թանկ է, ուրեմն մենք շատ վատ ենք աշխատել, թող այդտեղ քննադատեն, ասեն շատ վատ եք բանակցել: Եթե լավ գին ենք կարողացել ստանալ, թող ասեն' այո գինը լավ է, բայց այստեղ, այստեղ սխալվել եք: Ոչ ոք չի խոսում գնի մասին, որովհետև այդ գինն ամենացածրն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ պետության, այսինքն' մենք ունենք ամենացածր գինով գազ ՀՀ սահմանին»,-փաստեց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով պայմանագրի մեկ այլ կետի, ըստ որի' Հայաստանը Ռուսաստանից գազը գնելու է ռուսական շուկայի ներքին գներով' նախագահը հավաստեց, որ Հայաստանն առնվազն հինգ տարի ունենալու է գազի կայուն գին: «Այդ պայմանագրով Հայաստանին վաճառվող գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության հայտարարությունը, որ գները չեն թանկանալու, մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին. սա լավ է, թե վատ: Իհարկե, մեզ համար սա լավ է, չկամեցողների համար' վատ»,- շեշտեց Սերժ Սարգսյանը:
Խոսելով այն որակումների մասին, թե պետությունը հանրությունից թաքուն պարտքեր է կուտակել, ՀՀ նախագահը նշեց. «Հաջորդը խոսվում է պարտքերի մասին և տարբեր որակումներ են տալիս: Կան մարդիկ, որ հիշողությունն իրենց մի քիչ դավաճանում է, կան մարդիկ, որ չեն կարողանում ընթերցել ու փորձում են ասել, որ, ի խախտումն մեր օրենքների, ինչ-որ պարտքեր են կուտակվել, որ բյուջեում պետք է այդ պարտքերն արտացոլվեին, որ իբր մենք թաքուն բանակցություններ ենք վարել: Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը պետք է հիշի, որ ես 2011 թվականից սկսած առնվազն մեկ տասնյակին մոտ հայտարարություններ եմ արել այդ թեմայով և մշտապես ասել եմ հետևյալը, որ ՀՀ սպառողների համար գազի գինը չի թանկանա: Դա ինչ է նշանակում, որ հնարավոր է պետության, հիմնարկի, ներկրողի համար գազը թանկանա, բայց ՀՀ սպառողների համար գազը չի թանկանա: Եվ այդպես էլ եղավ երկու տարի: Բոլորին հայտնի է, որ մենք, սկսած 2011 թվականից, բանակցություններ ենք վարում ռուսական կողմի հետ և եկել էինք այն եզրակացության, որ գազի վճարային գինը չի փոխվում, փոխվում է հաշվարկային գինը, բայց երբ ավարտվեն բանակցությունները, մենք վերջնական եզրակացության կգանք գնի մասով: Բանակցությունները տևեցին երեք տարի, բոլոր կողմերը հաշվի առնելով' ռուսական կողմը մեզ առաջարկեց վճարել այդ հաշվարկային գնի հիսուն տոկոսը: Վա՞տ է արել: Եթե մենք այդպիսի երկարատև բանակցություններ չվարեինք, 2011 թվականից սկսած պիտի բարձրացնեինք գազի գինը, և այն երեք հարյուր միլիոն դոլարը պիտի դուրս գար մեր ժողովրդի գրպանից, մասնավորի, պետության գրպանից: Մեզ զիջել են այդ գոյացածի հիսուն տոկոսը»,-փաստեց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով «Հայռուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի վաճառքին ու հնչեցվող քննադատությանը, թե ցածր գնով է վաճառքն իրականացվել, ՀՀ նախագահն առաջարկեց գտնել ավելի լավ գնորդի ու ինքը չեղյալ կհայտարարի ստորագրված պայմանագիրը: «Ինձ հետաքրքիր է' ինչ էր տալիս այդ քսան տոկոսը, եթե մենք' որպես պետություն, ժամանակի ընթացքում վաճառել ենք 80 տոկոսը: Այսինքն' 80-ը կարելի՞ էր վաճառել, 20-ը' ոչ: Տարօրինակ չի՞, թող որևէ մեկն ինձ ասի, թե այդ քսան տոկոսը մեզ ինչ էր տալիս, քանի լումա դիվիդենտ է մեզ բերել կամ այդ քսան տոկոսը հնարավորություն էր տալիս մեզ, այնտեղ տնօրեն նշանակելու, որոշումների վրա ազդելու: Ու պետք էլ չի, որ մենք կարողանանք որշումների վրա ազդել, որովհետև մենք այդ բնագավառում ունենք շատ լավ օրենսդրական դաշտ, և այն բավարար է, որ այդ ընկերությունը' լինի ռուսական, ամերիկյան, ինդոնեզական, գործի մեր օրենքների շրջանակներում և ի շահ մեզ: Իսկ ինչ վերաբերում է քսան տոկոսի գնին: Ես հիմա կարող եմ հայտարարել' եթե մեկը գտնվի, որ այդ քսան տոկոսի համար տա հարյուր միլիոն դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, հետ վերցնել և այդ հարյուր միլիոնով տալ այդ մարդուն, ով կուզենա քսան տոկոսÕ ¨:
Ասում են' ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ պետք է ասեմ: Բա որ մրցույթ անցկացնեինք, այդ քսան տոկոսն արժենա 30 միլիոն դոլար, մենք ինչպես էինք 20 տոկոսը 150 միլիոն դոլար պարտքի դիմաց տալու: Հետո դրա համար ո՞վ էր պատասխան տալու, ակնհայտ չէ՞, որ 20 տոկոսը, որ տարիների ընթացքում մի լումա դիվիդենտ չի բերել, չի կարող այդքան արժենալ:
Որևէ մեկը, որ տարբեր հարթակներում խոսում է' Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է բանակցել ռուսական կողմի հետ ու ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ, թող գնա, անի, թող բերի, ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ: Կխնդրեմ ԱԺ-ի իմ կուսակիցներին, իմ ընկերներին միանգամից այդ ամբողջն անվավեր համարել: Բայց կա այդպիսի մեկը, թե ուղղակի խոսողներն են շատ:
Ինչու ենք երեսուն տարով կնքել: Այնքան չարություն է այդ մարդկանց կուրացրել է, որ նրանք չեն հասկանում' ինչ են ասում: Փոխանակ մեզ քննադատեն, թե 30 տարով եք կնքել, ոչ թե 60 տարով, մեզ ասում են' ինչու այդքան երկար ժամանակով եք կնքել: Ցանկացած տնտեսագետի համար պարզ է չէ, որ ներդրումների ետ բերումն ավելի երկար ժամանակահատվածում շատ ավելի մեղմ է ազդում տնտեսության վրա: 30 տարով ենք կնքել, որ ռուսներն իրենց ներդրումները 30 տարվա ընթացքում հանեն: Բա հինգ տարով կնքեինք, հինգ տարվա ընթացքում պետք է հանեին, որն է մեզ համար ավելի լավ»,-եզրափակեց նախագահ Սարգսյանը:
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 23-ին կողմ քվեարկեց դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված հայ-ռուսական համաձյանագրերի վավերացմանը: Վավերացման էին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերը: Առաջիկա հինգ տարիների ընթացքում ՌԴ-ն մեր երկրին 1000 խմ գազը կմատակարարի 189 դոլարով: