Խորհրդարանում ձևավորվելիք գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում ներգրավված կլինեն բոլոր խմբակցությունները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀկ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Հանձնաժողովն ուսումնասիրելու է գազի հետ կապվ ած բոլոր այն խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակությանը: Առայժմ նախագծի նախնական տարբերակն է ներկայացված: Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները»,- նշեց Այվազյանը:
Վարդան Այվազյանն ասաց, որ այժմ խմբակցությունները քննարկում են որոշման նախագիծը և կարող են նոր առաջարկներ ներկայացնել՝ նախագծում որոշ հարցադրումներ ավելացնելու համար:
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց գազի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագծին, որը ներկայացրել էին ոչ իշխանական 4 ուժերը, Այվազյանը պատասխանեց, որ նման նախագծեր ներկայացնելուց առաջ ոչ իշխանական ուժերն այն պետք է իրենց հետ քննարկեին, ինչը չէին արել: «Հիմա մենք ենք ներկայացրել առաջարկը և քննարկում ենք իրենց հետ, տարբերությունն այս է»,- ասաց պատգամավորը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության է հրավիրել: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: Խմբակցություններն առաջիկայում պետք է քննարկեն և իրենց դիրքորոշումն արտահայտեն առաջարկի վերաբերյալ:
Նախորդ քառօրյայի ընթացքում հանրապետական մեծամասնությունը դեմ քվեարկեց գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի նախագծին: Չորս խմբակցություններն առաջարկում էին հանձնաժողովի շրջանակում ուսումնասիրել, թե երբ է կուտակվել Ռուսաստանի հանդեպ գազի գնի դիմաց 300 միլիոն դոլար պարտքը և որոնք են գազի մեծածախ և փոքրածախ գների շոշափելի տարբերության պատճառները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հետագայում անդրադառնալ ոչ իշխանական 4 ուժերի առաջարկին և նրանց կողմից բարձրացված հարցերին: