Աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը այսօր տոնում է 76-ամյակը: Անվանի կինոռեժիսոր-վավերագիրը ծնվել է 1938թ. փետրվարի 22-ին, Լենինականում (ներկայիս Գյումրի): 1963-68 թթ. սովորել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» , «Մարդկանց երկիրը» , «Սկիզբը» վավերագրական ֆիլմերը: 1969թ. նկարահանել է «Մենք» կինոնկարը, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից և արժանացել Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմի: Ռեժիսորի գործերից են' «Տարվա եղանակները» , «Մեր դարը» (1982թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ), «Վերջ», «Կյանք» , «Աշնանային հովվերգություն» , «Աշնանային շուկայի գույները» և այլ ֆիլմեր:
Նրա ֆիլմերը մեծ ճանաչում ունեն աշխարհում: 1969թ. նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում' Ռևազի դերում: 1974թ. գրել է «Տարածական մոնտաժ» աշխատությունը, որտեղ շարադրել է մոնտաժի իր տեսությունը: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2000թ.' Փարիզի, 2006թ. Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոների ժամանակ արժանացել է մրցանակների: 1979թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.' ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Բնակվում է Մոսկվայում:
Նա ոչ միայն մի շարք ֆիլմերի ռեժիսոր է, այլեւ ուրույն դեր ունի մոնտաժի զարգացման պատմության մեջ: Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»:
Հանրահայտ կինոռեժիսոր-վավերագիր Արտավազդ Փեշելյանը «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ հոբելյանական փառատոնի շրջանակում, 2013 թվականի հուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հանդիսությունների սրահում ստացավ «Եղիցի լույս» մրցանակը: Հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է նաև Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Կինոսերները վայելել են կինոռեժիսորի «Կյանքը», «Տարվա եղանակները», «Մենք» ֆիլմերը:
«Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվել է նաեւ անվանի ռեժիսորի մասին Պիետրո Մարչելլոյի նկարահանած «Փելեշյանի լռությունը» վավերագրական ֆիլմը: