Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ սկանդալային աղմուկը չի դադարում: Այս անգամ համացանցում է հայտնվել վարչապետի և նրա որդու' Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունը: Այս մասին հայտնում է թուրքական Aykiridogrular.com-ը:
Ենթադրվում է, որ ձայնագրված հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին' այն օրը, երբ ձերբակալվեցին երեք նախարարների որդիները և Թուրքիայում սկսվեց «Մեծ կաշառք» գործողությունը:
Հեռախոսազրույցում լսվում է, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել մեծ գումարը' մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար և այն տալ գործարարներին: Խոսակցությունները տեղի են ունեցել դեկտեմբերի 17-ին' ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին' 10:58 րոպեին: Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որը նա կտեղափոխի մեկ այլ վայր:
Հեռախոսազրույցի ձայնագրությունը լուրջ իրարանցում է առաջացրել երկրում: Այս կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել վարչապետի աշխատակազմը, որը ձայնագրությունը հայտարարել է մոնտաժի արդյունք, որ չի համապատասխանում իրականությանը: Նրանք խոստացել են օրենքի շրջանակներում պատժել ձայնագրությունը «ստեղծողներին» և տարածողներին: Հայտնի է դարձել, որ գաղտնալսած զրույցը հրապարակայնացնելուց հետո Էրդողանն իր մոտ է կանչել Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին:
Դեպքերին անմասն չեն մնացել ընդդիմադիր կուսակցությունները: Ժողովրդահանրապետական կուսակցությունը պահանջել է Էրդողանի անհապաղ հրաժարականը: Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Աբդուլլաթիվ Շեներն ասել է, որ ձայնագրությունում իսկապես հնչել է Էրդողանի ձայնը, որն ինքը լավ է ճանաչում: