Նյու Յորքում կայանալիք Rated SR կինոփառատոնի ժամանակ կցուցադրվեն հայկական թեմատիկայով վեց գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր:

 

Կինոփառատոնը տեղի կունենա մարտի 14-20-ը Նյու Յորքի «Quad Cinema» դահլիճում: Կինոփառատոնի հիմնադիրն է անվանի դերասանուհի, ռեժիսոր և համակարգող Նորա Արմանին:

 

Հայկական թեմատիկայով ֆիմերն են Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը», Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանության որբերը», Լուսինե Սահակյանի «Համշենահայերը անցյալի և ներկայի խաչմերուկում», Ադրինե Գրիգորյանի «Բավական», Ռոբերտ Դավիթյանի «Հայ ակտիվիստներն այսօր» և Դավիթ Հովանի «Սովորականից ուշ» ֆիլմերը:

 

«Շոյված եմ, որ իմ «Ցեղասպանության որբերը» ֆիլմն ընդգրկվել է Rated SR կինոփառատոնի պաշտոնական ընտրանու մեջ: Կարծում եմ, Rated SR-ը այն կարևոր օղակն է, որ բացակայում էր հատուկ առաքելություն ունեցող կինոփառատոնները միմյանց կապելու համար: Rated SR-ի իրականացրած առաքելությունը թերևս ամենաազնիվն է' նպաստել սոցիալական բովանդակություն ունեցող ֆիլմերի խթանմանը»,-ասել է Բարեդ Մարոնյանը:

 

Ֆիլմերից յուրաքանչյուրը լույս է սփռում որևէ հայկական կարևոր պատմական իրադարձության կամ հակասական խնդիրների վրա, որոնց հետ մեր պետությունն առերեսվում է մեր օրերում:

 

Կինոփառատոնում ընդհանուր թվով ներկայացված են 40-ից ավելի պատմողական և վավերագրական, այդ թվում' 10 գեղարվեստական ֆիլմեր, որոնք կմրցեն «Գրան պրիի» համար: