Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով կայացրած որոշման դեմ բողոքել է նաև Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, կազմակերպությունը գրավոր դիմում է ուղարկել Շվեյցարիայի արդարադատության նախարարությանը' պահանջելով մինչև մարտի 17-ը բողոքարկել ՄԻԵԴ կայացրած որոշումը:

 

Դիմումի մեջ կազմակերպության անդամները, նշելով, որ իրենք խոսում են բոլոր նրանց անունից, ովքեր Թուրքիայում դեմ են ռասիզմին և խտրականությանը, ընդգծել է, որ իրենք ականատեսն են այն բանի, թե ինչպես է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը ստեղծում հակաժողովրդավարական մթնոլորտ, հող նախապատրաստում ատելության վրա հիմնված հանցագործությունների իրականացման համար, ոտնահարում մարդու իրավունքները: Իբրև Ցեղասպանության ժխտման բացասական հետևանքների օրինակ նրանք հիշեցրել են 2007 թվականին Հրանտ Դինքի, ապա 2011 թվականի ապրիլի 24-ին թուրքական բանակում ծառայող Սևակ Բլըքչըի սպանությունները: Դիմումի մեջ նշվել է, որ Դողու Փերինչեքի հայցով ՄԻԵԴ ընդունած որոշումը մեծ սխալ է: Նրանք հիշեցրել են, որ «ժխտումը ցեղասպանության շարունակությունն է»:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը, ով այժմ Էրգենեքոնի դատական գործով ձերբակալված է Թուրքիայում: 2008 թվականին շ վեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրոդատարանը Դողու Փերինչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: