Lurer.com-ը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, Ձեր ուշադրությանն է ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2014թ. տարեմուտի ուղերձը' հատվածաբար.

 

«Հարգելի՛ հայրենակիցներ

 

Պատմության մեջ յուրաքանչյուր սերնդի բաժին է ընկնում իր ճակատագիրը, և յուրաքանչյուր սերունդ կամա թե ակամա ստիպված է լինում ընդունել իրեն նետված մարտահրավերը: Հայրենիքը պահպանելու և մեր երեխաներին փոխանցելու համար մեր սերնդին բաժին ընկան ծանրագույն փորձություններ: Նույնիսկ համաշխարհային պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ երկիրն անկախությունը ձեռք է բերում պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի հետևանքով «ավերված» տնտեսության պայմաններում: Եվ ամբողջ միջազգային հանրության հիացական հայացքի ներքո մենք պատվով դուրս եկանք: Կարողացանք մեր հայրենասիրությունն ու նվիրումը հակադարձել հակառակորդի քանակին ու հարուստ սպառազինությանը և հաղթել, ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը, մի բան, որ դարեր ի վեր չէին կարողացել անել մեր նախնիները:

 

Այժմ էլ դժվար ժամանակներ ենք ապրում. «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» անկայուն իրավիճակում ենք, ամեն օր լսում ենք հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները, ստիպված ենք լինում դիմագրավել արտաքին տարբեր մարտահրավերներին, իսկ սահմանի վրա՝ զսպել հակառակորդի ոտնձգությունները: Եվ այս ամենի կիզակետում դարձյալ կանգնած է մեր բոլոր հաջողությունների կռողը, մեր մեծ հաղթանակների գրավականը՝ «հայրենիքի պաշտպանը»: «Հայրենիքի պաշտպանը» միայն զինվորն ու սպան չեն, «հայրենիքի պաշտպան» են աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը, նա, ում համար հայրենիքն արժեք է: Նորից նա է տանում դրոշը: Բայց միայնակ չի կարող տանել: Որպեսզի երթը դառնա հաղթական, նրա հետ պիտի քայլեն բոլորը...

 

* * *

 


2013 թվականը վստահաբար կարելի է համարել խաղաղության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման տարի: Սահմանին կանգնած հայ զինվորը լիարժեքորեն կատարեց իր գլխավոր խնդիրը՝ անձեռնմխելի պահեց մեր տարածքը, ապահովեց հայ ժողովրդի անվտանգությունը և խաղաղ արարումը: Հայոց բանակի հզորացմանը նպատակաուղղված մեր աշխատանքում մենք քիչ հաջողությունների չհասանք: Բարձրացրինք մեր զորքերի մարտական պատրաստականության մակարդակը, լուրջ ձեռքբերումների հասանք կարգապահության ամրապնդման ոլորտում՝ գրանցելով արտակարգ պատահարների ցածր ցուցանիշ, առաջընթաց ունեցանք կոռուպցիայի դեմ պայքարում և այլն:

 

Զորքերի մարտական պատրաստականության բարձրացմանը նպաստեցին տարվա ընթացքում իրականացված տարբեր մարզումներն ու զորավարժությունները: Հայ զինվորն այսօր արդեն լավ է հասկանում, որ միայն որակյալ ուսուցմամբ կարող է հակառակորդի նկատմամբ պահպանել գերազանցությունը: Զենք ու ռազմական տեխնիկա ունենալը դեռ քիչ է: Պետք է ունենալ նաև դրանք շահագործող բարձրակարգ մասնագետներ, և այս գիտակցությամբ էլ հայ զինծառայողները սովորում են ու կատարելագործում իրենց գիտելիքները: Մյուս կողմից՝ զորքերի մարտական պատրաստականության բարձրացման համար շատ կարևոր է գաղափարական պատրաստությունը: Հայ զինվորը պետք է գիտակցի, որ իր երկիրը երբեք անարդար պատերազմ չի մղել, չի պղծել գերեզմաններ ու սրբավայրեր, որ ինքը վարձկան չէ, քնած մարդուն կացնահարող չէ, այլ իր երկիրը, իր հարազատներին է պաշտպանում թշնամուց ու կռվում է նաև այն պատմական անարդարության, ապօրինի որոշման դեմ, որով մեկին թույլատրվել է առնել մի ողջ ժողովրդի դարավոր սեփականությունը և տալ ուրիշին: Սրա համար է հայ զինծառայողը խրամատում, և թշնամու վրա կրակելիս նա պիտի գիտակցի, որ ինքը նախևառաջ գաղափարի կռիվ է տալիս, և ձգանը սեղմելիս խղճով հանգիստ կլինի ու հոգով խաղաղ: Առաջին հերթին հենց գաղափարական նշանակություն ունի իմ մտահղացմամբ զինված ուժերում գործարկված «Արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «ՎԱՀԱԳՆ» համակարգը»՝ հայոց դիցարանի պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնի անունով: Անվանումը, որն ինքնին խորհրդանշական է, արտահայտում է համապատասխան տառերով սկսվող հետևյալ գաղափարները՝ Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն: «ՎԱՀԱԳՆ»-ը խորհրդանշում է երեք տեսակի «գերազանցություն»՝ ա) գերազանցել հակառակորդին, բ) գերազանցել իր նախորդներին, բ) գերազանցել իր իսկ ցուցանիշները»....

 

Շարունակելի...