Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու' Բիլալ Էրդողանի միջև հեռախոսազրույցի ձայնագրության տարածման հետ կապված սկանդալային ալիքը երկրում չի դադարում: Անհայտ օգտատերերի կողմից Youtube-ում տեղադրվել է ևս երկու ձայնագրությունուն, որոնցից մեկում հայր և որդի կրկին խոսում են մեծ գումարների մասին: Առաջին ձայնագրության մեջ կողմերը խոսում են ինչ-որ Ս. Ա. անունով գործարարից գումար վերցնելու մասին: Բիլալը հորը հայտնում է, որ գործարարը խոստացել է տալ 10 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ վարչապետը նրան ի պատասխան նշում է, թե «այն ինչ խոստացել է, կբերի: Բոլորը բերում են, նա ինչո՞ւ չպետք է բերի», ապա Էրդողանը հավելում է. «Մի անհանգստացիր, մեր գիրկը կընկնի»: Առաջին ձայնագրության վերջում հայտնի է դառնում նաև, որ վերոնշյալ գործարարը Բիլալ Էրդողանին վիլլա է նվիրել:

 

Երկորդ ձայնագրությունը, որը հայտնվել է համացանցում, նշվում է, թե պարունակում է Էրդողանի փեսայի վստահված անձի և ինչ-որ գործարարի վստահված անձի խոսակցությունը: Նրանց զրույցից պարզ է դառնում, որ Էրդողանն իր տանից «Մեծ կաշառք» գործողության և ձերբակալություններից հետո սկսել է հապշտապ դուրս հանել գումարները:

 

Ավելի վաղ տարածված հեռախոսազրույցի ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է վարչապետը որդուն պատվիրում տանից դուրս հանել մեծ գումարը' մոտ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար և այն տալ գործարարներին: Խոսակցությունները տեղի են ունեցել դեմտեմբերի 17-ին ժամը 08:01, 11:17, 15:39, 23:15 և դեկտեմբերի 18-ին' 10:58 րոպեին: Վերջին զրույցի ժամանակ Բիլալը հորը հայտնել է, որ տանը դեռևս մնացել է 30 միլիոն եվրո, որը նա կտեղափոխի մեկ այլ վայր: Ձայնագրությունը լուրջ իրարանցում է իրականացրել երկրում: Վարչապետի գրասենյակը հայտարարել էր, որ իրականում ժապավենը մոնտաժի արդյունք է: Ընդդիմ ադիր կուսակցությունները պահանջել էին Էրդողանի հրաժարականը: