Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը երկրում ստեղծված իրավիճակը փոփոխելու նպատակով նախաձեռնել է քաղաքական խոհրդակցությունների շարք երկրում գործող այլ ձախ սոցիալիստական ուժերի հետ: Առաջիկա տասը օրվա ընթացքում ձախ ուժերի միությունը հանդես կգա հայտարարությամբ, ապա կկազմակերպի համաժողով, որտեղ կներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տեսլականը: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը' հավելելով, որ պայքարի թիրախը լինելու են համակարգային փոփոխությունները:

 

Ատենապետը նշեց, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացում, սոցիալական արդարության պակաս, և քաղաքացին պահանջում է փոփոխություններ: «Հասարակական դժգոհությունն անթաքույց է, և եթե փոփոխություններ չլինեն, ապա այն կվերածվի դասակարգային պայքարի»,-ասաց Գալստյանը' հավելելով, որ Հայաստանի նորանկախ պատմության կյանքում փոխվել են իշխանություններ, մարդիկ, դեմքեր, սակայն կառավարման տրամաբանությունը մնացել է նույնը: Նրա խոսքով' հենց համակարգային փոփոխությանն է ուղղված լինելու ձախ ուժերի միության հետագա աշխատանքը, որպեսզի առանց լուրջ ցնցումների երկրում լինեն փոփոխություններ:

 

Ըստ Գալստյանի' առայժմ միության գործիքակազմի վերաբերյալ ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել, հետևաբար չի կարող ասել, թե ինչ ձևաչափով և ինչ կերպ կշարունակեն պայքարը: Նա ասաց, որ ամենայն հավանականությամբ կլինեն համաժողովներ, բողոքի ակցիաներ և հանրահավաքներ, որոնք պետք է կառավարությանը ստիպեն իրականացնել լուրջ բարեփոխումներ: