Ամերիկահայ համայնքի բոլոր թևերը ներկայացնող երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև՝ արդարություն պահանջելով 26 տարի առաջ Սումգայիթի հայ բնակչության դեմ գործած ոճրագործության համար: Փետրվարի 28-ին կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Հայ երիտասարդների դաշնության, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպության, Ամերիկայի Հայ դատի գրասենյակի, Ամերիկայի հայկական համագումարի և այլ համայնքային կառույցների անդամներ:

 

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի ազատագրական շարժմանն ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր իրականացված ջարդերի և էթնիկ-զտումների անպատժելիության առնչությամբ:

 

Ցույցի մասնակիցներն ադրբեջանական կողմից պահանջել են դադարեցնել պատերազմի վերսկսման ուղղությամբ քայլերի նախաձեռնումը, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հիմնական կոչի անտեսումը. հասարակության մեջ կույր հայատյացություն սերմանելու փոխարեն այն նախապատրասել տարածաշրջանում խաղաղության հաստատման:

 

Ամերիկահայ կառույցների անդամները կոչ են արել միջազգային հանրությանն առավել աչալուրջ լինել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությանը, որի զոհերից մեկը դարձավ 10 տարի առաջ ադրբեջանցի սպայի կողմից խաղաղ պայմաններում դաժանորեն սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանը, այնինչ, նրան դաժանաբար կացնահարած մարդասպանը հերոսի կոչում և խրախուսում է ստացել իր հայրենիքում: