Ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Սասուն Միքայելյանն այսօր ի հիշատակ «Մարտի 1»-ի զոհերի՝ կգիշերի Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ և մարտի 2-ի լուսաբացը կդիմավորի այնտեղ:
Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ էր նաև ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդին՝ Աշոտը, ով նշեց, որ եկել է զոհերի հիշատակը հարգելու։
«2008թ-ին չի հաջողվել լուսացնել մարտի 2-ի առավոտը Մյասնիկյանի արձանի մոտ, այսօր մենք դա կանենք»,- ասաց նա։ Հարցին, թե հայրիկի հորդորով է եկել, պատասխանեց. «Չէ ես որոշել էի, եկել, ես ուզում էի գալ, որովհետև զոհվել են Հայաստանի համար»։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր տեղի ունեցած հանրահավաքին՝ Սասուն Միքայելյանը նշեց, որ ցանկություն չունի այսօր ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին գնահատական տալ:
«Այսօր այդ օրը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Բայց հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ Ազատության հրապարակից հնչած նախ վարչապետի հրաժարականի պահանջը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Վարչապետի հրաժարականը պահանջելով՝ իրենք լեգիտիմացնում են Նախագահին, այսօր վարչապետ են ուզում փոխեն, արդեն ձեզ բոլորիդ համար է պարզ, որ ԱԺ մեծամասնությունը ՀՀԿ-ն է, այսինքն ո՞նց կարող է վարչապետ դրվի ոչ ՀՀԿ կուսակցությունից։ Բնական է, որ չի կարող գործի»,- ասաց նա։
Հարցին, թե ինչով էր պայմանավորված նրա՝ ՀԱԿ-ի հանրահավաքին չմասնակցելը, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ոչ մի բանով պայմանավորած չէր։ Մի բան կարամ ասեմ, որ եթե լիներ սգո երթ՝ ոչ թե հանրահավաք, կմասնակցեի»։
Սասուն Միքայելյանը նշեց, որ անմեղ զոհերն իրենց արյունը ջուր չի դառնա։ «Որովհետև իշխանությունը 2008 թ-ի մարտի 1-ին կրակեց մեր հիմնի ուղղությամբ, կրակեց զինանշանի ու եռագույնի վրա, կրակեց նաև Եռաբլուրի վրա, որովհետև Երևանի սրտում կրակեցին 10 անմեղ զոհերի վրա՝ ազատությունը շուրթերին, մարդիկ դուրս էին եկել պայքարի՝ ոչ միայն իրենց ազատության համար, այլ 88-ի տարած հաղթանակի համար, բայց գնդակահարվեցին, այսինքն' իշխանությունները այս տարիների ընթացքում ժողովրդին ճիշտ ճանապարհով չտարան, բռնությամբ տարան հասցրեցին այս օրին»,-ասաց նա։
Իսկ հարցին, թե ինչ ուժեր են միացել նրանց, պատասխանեց, որ իրենք հայտարարություն չեն արել։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնության օրակարգին նա ավելացրեց. «Մեր ծրագրերը կան, պետք է մտնենք ժողովրդի մեջ, բացատրենք, ծրագիրը ներկայացնենք, ժողովրդի կարծիքն իմանանք, մենք մի տեղից ենք սկսել, որ պետք է ժողովուրդը լինի։ Սա քաղաքական կուսակցություն չի, այլ եկել ենք քաղաքացիական պայմանագրով, որ կարողանանք հավատ ներշնչենք ժողովրդի մոտ։ Ժողովուրդը կհամաձայնի կուսակցություն դառնաք՝ կդառնանք, չէ՝ չէ»:
Սասուն Միքայելյանը նշեց, որ իրենց հիմնական նպատակն է ունենալ «վերջապես լեգիտիմ նախագահ»։
Սասուն Միքայելյանին սատարելու էին գնացել բազմաթիվ ազատամարտիկներ, երիտասարդներ: Այնտեղ էր նաև Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ով Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գիշերը Սասուն Միքայելյանի հետ չի անցկացնի, բայց այսօր երկար ժամանակ կլինի նրա կողքին:
Tert.am-ի հարցին, թե Սասուն Միքայելյանն առավոտյան ներկա չէր իրենց նախաձեռնած հավաքին, Խաչիկ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե ինքը չէր եկել, դա չի նշանակում, որ չի սատարում, մենք միասին ենք, շատերը կցանկանային, որ ազատամարտիկների մեջ պառակտում լինի, բայց դա անհնար է: Մենք միշտ հանդես ենք գալու մեր ժողովրդի կողքին, որտեղ ընդվզող քաղաքացի լինի, մենք նրա կողքին ենք»:
Սասուն Միքայելյանին սատարելու էր գնացել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Որևիցե մեկը չի մոռացել այստեղ վեց տարի առաջ տեղի ունեցածը, ես էլ որպես մարդ, ով մասնակից է եղել այդ գործընթացին, գտել եմ, որ իմ համախոհների հետ պետք է գամ այստեղ»,- ասաց նա և ասաց, որ ուրախ է, որ Սասուն Միքայելյանը նման բան է նախաձեռնել:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին նա հրաժարվեց այսօր որևէ բան ասել և ավելացրեց. «Գտնում եմ, որ «Մարտի 1-ը» չի կարող հանդիսանալ առիթ հանրահավաք անցկացնելու և մտքեր արտահայտելու, որոնց հետ կարելի է համաձայնել կամ՝ ոչ: Այս օրը հիշատակի օր է, իշխանությունները արյուն են հեղել ու այլ հարց չէր կարող լինել, բարձրացնել հարցեր, թե ով է դառնում Իվանիշվիլի, Սահակաշվիլի, բան , ես կարծում եմ, որ դրանք տեղին չեն»:
Մյասնիկյանի արձանի մոտ է նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ 2008թ.-ին իր զավակների հետ գտնվել է Ալ. Մյասնիկյանի արձանի մոտ, և այսօր նույնպես Սասուն Միքայելյանի հետ կգիշերի այնտեղ:
«Երանի մի օր մեր ժողովուրդը «Մարտի 1–ը» կարողանա տոնել որպես գարնան առաջին տոն, իսկ մենք արդեն վեց տարի է նշում ենք որպես արյունահեղության օր»,- ասաց նա:
Տեսանյութը` Tert.am-ի