Աշխարհի յոթ առաջատար երկրները համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինայի տարածք եւ չեղյալ են հայտարարել Սոչիում «Մեծ ությակի» գագաթնաժողովի նախապատրաստումը, որը ծրագրված է այս տարվա հունիսին: «Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարներս, ինչպես նաեւ Եվրամիության նախագահը եւ Եվրահանձնաժողովի նախագահը, համատեղ դատապարտում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության բացահայտ խախտումը»,- ասված է «Մեծ յոթնյակի» հայտարարության մեջ:

 

Դրանում ընդգծվում է, որ G8-ի գագաթնաժողովի նախապատրաստումը կասեցվում է:

 

«Նշենք, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները խախտում են նաեւ այն սկզբունքներն ու արժեքները, որոնց վրա հիմնվում են G7-ը եւ G8-ը: Այսպիսով, մենք որոշել ենք առայժմ կասեցնել մեր մասնակցությունը այն գործունեությանը, որը կապված է G8-ի հունիսին Սոչիում պլանավորված գագաթնաժողովի նախապատրաստման հետ»:

 

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել է, որ, չնայած դրան, աննպատակահարմար է համարում «Մեծ ությակից» Ռուսաստանի բացառումը:

 

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պւոտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցից հետո համաձայնել է ԵԱՀԿ-ի հովանու ներքո ստեղծել Ղրիմի իրադրության հարցերով զբաղվող խումբ:

 

Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջոցները «լիովին համարժեք են ստեղծված արտակարգ իրադրությանը»:

 

Իր հերթին, ինչպես նշել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուն, Վաշինգտոնը Ուկրաինային առավելագույն ֆինանսական օգնություն կցուցաբերի տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Լյուն խորհուրդ է տվել Կիեւին հասնել Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությանը, բայց հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը միաժամանակ պատրաստ է Ուկրաինային օգնել նաեւ երկկողմ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ համաշխարհային այլ խոշոր ֆինանսական կազմակերպությունների միջոցով:

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն դատապարտել է Ռուսաստանի ռազմական գործողությունները Ղրիմում եւ «լուրջ անհանգստություն» հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի որոշման կապակցությամբ, որը հավանություն է տվել Ուկրաինայում ռուսական բանակի օգտագործմանը:

 

Մինչդեռ Ռուսաստանի ԱԳ նախարարությունում պնդում են, որ ՌԴ-ում ոչ ոք պատերազմ չի ցանկանում: «Մոսկվայում դեմ են Ուկրաինայի նկատմամբ նման տերմինաբանությանը»,- հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: