«Կարծում են' ելույթում կային ինչպես դրական շեշտադրումներ, որոնք ընդունելի են ինձ համար, այնպես էլ խոսքեր, որոնք ընդունելի չէին»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը' անդրադառնալով մարտի մեկին Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

 

Արմեն Մարտիրոսյանի խոսքով' ինքը, սակայն, այս պահին կենտրոնանում է ընդունելի հատվածների վրա:

 

«Դա այն է, որ, ըստ էության, ինքը ևս այն տեսակետը հայտնեց, որը տարիներ շարունակ «Ժառանգության» գործելաոճն է եղել և տեսակետը, որ անհրաժեշտ է միասնական քաղաքական, քաղաքացիական ուժերով պայքար տանել և երկրում արմատական իշխանափոխություն անել համատեղ ջանքերով»,-ասաց Մարտիրոսյանը:

 

Կուսակցության փոխնախագահի կարծիքով' ընդունելի չէր այն միտքը, որ Մաքսային միությանն անդամակցելն անշրջելի գործընթաց է Հայաստանի համար:

 

«Ես կարծում եմ' ցանկացած գործընթաց կարելի է շրջել, մանավանդ եթե պետությունը չի կորցրել իր սուվերենության նվազագույն պաշարները: Ընդունելի չէր այն հատվածը, որ այս տարիների ընթացքում միայն ՀԱԿ-ն է ընդդիմության օրակարգը «առաջ տարել»: Երևի թե մոռացել է, որ 2013 թվականին «Ժառանգությունն» է թեկնածու դրել' ի դեմ Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ոչ թե ՀԱԿ-ը, կամ երևի թե մոռացել է' Երևան քաղաքի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» հաղթեց և ոչ թե ՀԱԿ-ը:

 

Եվ նմանատիպ բազմաթիվ դրվագներ, բայց կարծում եմ' դա չէ այս պահին գլխավորը: Մենք առաջ ենք փորձում նայել և այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց' քաղաքական օրակարգը քաղաքական ուժերն են առաջ տանում, որոշակիորեն, բնականաբար, դրա հետ համաձայն եմ և հենց այդ շրջանակում եմ կարծում' պետք է լինի հետագա գործունեությունը»,-ասաց Մարտիրոսյանը: