Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» ՀԿ-ն համատեղ սկսում են նոր նախագիծ' «Արարատյան քննարկումներ» խորագրով:

 

«Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը' «Գրաբար» խորագրով, տեղի կունենա մարտի 7-ին, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի մամուլի դիվանից, ծրագրի մեկնարկը կլինի «Գրաբար. լեզու նախնեաց» ֆիլմի ցուցադրությամբ ու գրաբարի մասին քննարկումով: Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Նարեկ Աշուղաթոյանն է, իսկ օպերատորը' Լևոն Առաքելյանը:

 

Ֆիլմի ցուցադրությունից հետ ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը կխոսի մեր մշակույթում գրաբարի դերի ու նշանակության և գրաբարով մեզ հասած ազգային ժառանգության մասին: Այնուհետև Նարեկ Աշուղաթոյանը կխոսի «Ծիրանի»-ի գրաբարի առցանց դպրոցի մասին:

 

«Արարատյան քննարկումներ» նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների և հոգևորականների հետ: Ծրագրի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիքի վրա պիտի կանգնեցնի հայ երիտասարդին: