Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը մասնակցել է Փարիզում և Իսի-լե-Մուլինոյում Միսաք Մանուշյանի մահապատժի 70-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Երգիչը ֆեյսբուքյան էջում տեղադրել է միջոցառումից լուսանկարեր և թողել համառոտ հանրագիր այն մասին, որ մեծ հպարտությամբ երկու օր շարունակ մասնակցել է հայտնի գործիչ ֆրանսահայ Միսաք Մանուշյանի մահապատժի տարելիցի միջոցառումներին:

 

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, ունեցած հիշատակի արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ Մանուշյանը Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց Ֆրանսիայում եւ անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: «Մանուշյանը միակ հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»,-ասել է Օլանդը:

 

Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Գաղթի ժամանակ եղբոր հետ հայտնվել է Սիրիայում, հետո հինգ տարի ապրել Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցում: 1925թ. տեղափոխվել է Ֆրանսիա, սկզբում Մարսել, ապա՝ Փարիզ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում է գործել գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվել է, երեք ամիս անց, 1944թ.փետրվար 21-ին խմբի անդամների հետ մահապատժի ենթարկվել Փարիզի Սյո ւրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում: