Հայաստանի հյուսիսը հարավին միացնող և դեպի միջազգային շուկաներ ելք ապահովող ավտոճանապարհի կառուցման հողային աշխատանքները մեկնարկել են: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը' ավելացնելով, որ բետոնապատման աշխատանքներն էլ կսկսվեն մարտի 10-ից հետո' բարենպաստ եղանակի պայմաններում: «Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ և Աշտարակից Թալին հատվածի հողային, նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, իսկ բետոնապատման աշխատանքներն էլ մարտի 10-ից հետո կսկսվեն, եթե անձրևներ չլինեն ու եղանակը չցրտի: Այլապես, ես ինքս կդադարեցնեմ շինարարությունը, քանի որ ճանապարհը կառուցվում է 30 տարվա համար ու մեզ ոչ պիտանի բետոն հարկավոր չէ: Այս պահին ամեն ինչ ընթանում է' ըստ պլանավորվածի»,-ասաց Արթուր Սարգսյանը:
Նրա խոսքով' ամեն ամիս կառուցման աշխատանքներում ներգրավվում է 500 աշխատող: Ճանապարհի կառուցման մեջ էլ օգտագործվում են տեղական նյութեր: Սաստիկ ցրտերի պատճառով դեկտեմբերի 7-ից դադարեցվել էին Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Արտաշատից Երևան, Երևանից Աշտարակ հատվածի աշխատանքները:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի երկարությունը կկազմի 556 կմ, որի իրականացման ժամկետը մինչև 2017թվականն է: Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը կապահովի Հայաստանի, Վրաստանի տարածքներով ելք դեպի Սև ծով և այնուհետև դեպի եվրոպական երկրներ: Հատելով Հայաստանի տարածքը հարավից հյուսիս' (Մեղրի-Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա) միջանցքը կմիանա վրացական ճանապարհին հարավային կողմից, որը տանում է դեպի Փոթի և Բաթումի նավահանգիստները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Եվրոպա-Կովկաս-Ասիա ճանապարհային հաղորդակցությունը՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հատման վայրում: