1in.am Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր սկսվեց ամուսնու նախկին սիրուհու նկատմամբ հանցավոր արարք կատարած կնոջ գործով դատական քննությունը:

 

Ըստ մեղադրանքի՝ Ռուզաննան 2013 թվականի նոյեմբերի 10-ին «Օդնոկլասնիկի» համացանցային կայքում ամուսնու նախկին սիրուհու անունով բացել է կայքէջ, որտեղ առանց իր ախոյանուհու համաձայնությունը ստանալու տեղադրել է նրա մերկ լուսանկարը:

 

Այսինքն, ըստ նախաքննական մարմնի, Ռուզաննան տարածել է տուժողի վերաբերյալ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն:

 

Մինչև դատական նիստի սկսվելը Ռուզաննան դեռահաս որդու հետ հանգիստ նստած էր միջանցքում:

 

Պարզվեց՝ Ռուզաննան դատարան էր եկել... չդատվելու: Ըստ Ռուզաննայի՝ քննիչը նրան ասել է, թե նրա արարքն այնքան աննշան է, որ նրան ո՛չ պաշտպան է հասնում, ո՛չ էլ... դատ:

 

Այնուամենայնիվ, Ռուզաննան հետը դատարան էր բերել անչափահաս որդուն, որ նախաքննության ընթացքում չհարցաքննված, վկայի կարգավիճակ չստացած պատանին դատավորին վկայի, թե գործով տուժող համարվող կինը մինչև հիմա անհանգստացնում է իր ծնողներին:

 

Ռուզաննան չգիտեր, որ հանրային պաշտպաններ կան, որ ինքը կարող է դատարանում միջնորդել ու պաշտպան ունենալ, չգիտեր՝ դատավորը կին է, թե տղամարդ, միայն համոզված էր, որ իրեն դատ չի հասնում:

 

Նա Ֆեյսբուքում կարդացել էր նաև, որ իր հոդվածով տուգանք է սահմանված, միայն թե քանի որ հավաստիացված էր, որ չի դատվելու, առանձնապես անհանգիստ չէր:

 

Իր արարքի վերաբերյալ նա ասաց, թե տուժողը շարունակ անհանգստացրել է, զանգել իրենց տուն, ինքն էլ իր հասկացածով «պատժել է» նրան: Միայն թե չի իմացել, որ իր արածի համար կարող են քննիչի մոտ կանչել:

 

Դատական քննության նախապատրաստական մասում ամբաստանյալ Ռուզաննան ի պատասխան նախագահողի հարցին պատասխանեց, թե իր խնամքին են ամուսինն ու երեք անչափահաս երեխաները՝ 15, 12 և 3 ու կես տարեկան:

 

Նախագահող Նելլի Բաղդասարյանը մեղմորեն շտկեց ամբաստանյալին՝ բացատրելով, թե ամուսինը նրա խնամքին չէ, իսկ երեխաների վերաբերյալ էլ փաստաթղթեր չկան քրեական գործում:

 

Երբ նախագահողը Ռուզաննային բացատրեց նրա իրավունքները, ամբաստանյալը փոքր-ինչ անվստահ ցանկություն հայտնեց հանրային պաշտպան ունենալու: Մեղադրողը, իհարկե, չառարկեց ամբաստանյալի սահմանադրական իրավունքի իրացմանը, իսկ տուժող կինը ասաց. «Ես առարկում եմ, նա պետք է պատժվի իր արածի համար»:

 

Դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալի միջնորդությամբ հանրային պաշտպան ներգրավելու համար: Նախագահողը ամբաստանյալին խորհուրդ տվեց հաջորդ նիստին ներկայացնել երեք երեխաների ծննդյան վկայականները և իր առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ:

 

Ռուզաննան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Այս հոդվածով նախատեսվող պատիժներն են՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչև 500-ապատիկը, այսինքն, ներկա պահին՝ 200 հազարից 500 հազար դրամ, կամ կալանք՝ 1-ից մինչև 2 ամիս ժամանակով: