Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանին, ով Իզմիրի Բուջա փակ բանտ տեղափոխվելուց հետո քնում էր բետոնե հատակին, թուրքական իշխանությունները որոշել են տեղափոխել Ալիաղայի փակ բանտ: Այս մասին «Ակոս»-ին հաղորդել է Նիշանյանի մտերիմ ընկեր Ալին Նեսինը:

 

Թուրքական իշխանությունները մտավորականին տեղափոխելու որոշումը կայացրել են առանց նրա բարեկամներին և ընկերներին տեղեկացնելու: Երբ Նեսինն այցելել է Բուջայի փակ բանտ, այստեղ տեղեկացվել է, որ հայազգի մտավորականին ուրիշ բանտ են տեղափոխել: Նեսինի խոսքով' նոր բանտն իր պայմաններով պետք է որ նախորդից ավելի լավը լինի:

 

Միաժամանակ Սևան Նիշանյանի փաստաբան Մուրաթ Աքչեն հայտնել է, որ մարտի 27-ին դատարանը կքննի լեզվաբանի դեմ հարուցված հայցը, որտեղ Նիշանյանը մեղադրվում է Թորբալըի բաց բանտի ղեկավարությանը «վիրավորելու և ծաղրելու» մեջ: Աքչեն հավելել է, որ դատարանի որոշումից է կախված, թե Նիշանյանը որքան ժամանակ կմնա փակ բանտում:

 

Նախքան նոր բանտ տեղափոխելը հայտնի էր դարձել, որ Իզմիրի Բուջա փակ բանտ տեղափոխված հայ մտավորականն այստեղ ենթարկվում է խտրականության և բռնությունների: Նրան ասել էին, որ այլևս մահճակալ չունեն, ինչի արդյունքում լեզվաբանը ստպված քնում էր բետոնե հատակին: Հաղորդվում էր, որ Նիշանյանին չի թույլատրվում նույնիսկ լոգանք ընդունել:

 

Իզմիրի Բուջա փակ բանտ Նիշանյանին տեղափոխել էին Թորբալըի բաց բանտից, որտեղ նրա վիճակը փոքրիշատե ավելի լավ էր: Թուրքական իրավապահները մեղադրել էին լեզվաբանին բանտի աշխատակիցներին զրպարտելու մեջ, նրա դեմ հետաքննություն էին սկսել և տեղափոխել փակ բանտ:

 

Ավելի վաղ Նիշանյանը նամակ էր գրել լրագրող Հասան Ջեմալին, որով հայտնել էր, որ բանտում իրեն այնպես չեն վերաբերվում, ինչպես մյուս ազատազրկվածներին: Նրա խոսքով, «վերևից եկած կարգադրությամբ» ինքը խտրական վերաբերմունքի է ենթարկվում:

 

Թուրքիայի արդարադատությունը մեղավոր էր ճանաչել հայազգի լեզվաբանին «սեփական հողակտորի վրա ապօրինի շինարարություն կատարելու» համար: Նիշանյանը, ով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Դատարանի թույլտվությամբ նա կարողացել էր մոտ մեկ շաբաթով դուրս գալ բանտից: Նրա որդին' Արսեն Նիշանյանը, հայտնել էր, որ հայրը երեք ամիսը մեկ հնարավորություն կունենա 3-4 օրով գտնվել ազատության մեջ: