ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ԲՀԿ-ի հանդիպումները ոչ իշխանական ուժերի հետ:

 

«Շատ դրական եմ համարում, բայց սկզբունքորեն դեռևս չգիտեմ, թե ինչի շուրջ են հավաքվում, ինչ սկզբունքներ ու ինչ ծրագրեր ունեն: Դեռևս հանդիպումներ են հենց այդ նպատակով, թե ինչպիսի անհամաձայնություններ ձեռք կբերեն և ինչ քաղաքական որոշումներ կկայացվեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

Հարցին, թե իշխանությունը չի՞ վախենում այս համագործակցությունից, խմբակցության փոխնախագահը պատասխանեց. «Քաղաքականության մեջ վախկոտները տեղ չունեն, քաղաքականության մեջ այդ բառն ընդհանրապես գոյություն չունի, կարևորն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը քաղաքական դաշտում գործեն, յուրաքանչյուրն ունենա իր ուրույն դերակատարումը»:

 

Պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ է արդյոք, որ ԲՀԿ-ն իրենց հետ է, Սահակյանը նշեց, որ ինքը ոչինչ չի համարում: «Մեզ հետ ամբողջ ժողովուրդն է, որի հետևանքով մենք այստեղ ենք: ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժ է, եթե կոալիցիա են լինում, նշանակում է՝ մեզ հե՞տ են: Դա այդպես չէ, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունը, և եթե դա համընկնում է որոշակի գործողությունների, կարող է բանակցել ու համաձայնության գալ ու որոշ իրողությունների մասնակից դառնալ»,-ասաց Սահակյանը:

 

Անդրադառալով ԲՀԿ-ի' ՀՅԴ հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի հայտնած մտքին, թե «որոշ դհոլները փորձում են սեպ խրել այս համագործակցության մեջ», ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Ես ոչ բոլոր գործիքներին եմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին մի հարցրեք, ես չեմ սիրում այդպիսի ենթատեքտով բառեր, երբ ես խոսում եմ, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում իմ ասելիքն ամրապնդելու համար»: