Սիրիական բանակը Յաբրուդ քաղաքում զինյալների թաքստոցներ և զենքեր է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել: Զինյալների դեմ ռազմական գործողություններ են ընթանում նաև Դարիայի շրջանում, որտեղ ևս զինյալներ են սպանվել: Սիրիայի ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ բանակը Հոմսի շրջանում զինյալներին պատկանող մեքենաներ է ոչնչացրել: Սիրիական բանակը Թալքալլախի Հուսն և Շաույահդ գյուղերի բնակիչներին՝ մեծ մասամբ կանանց և երեխաների, դուրս է հանել գյուղերից: Գյուղերի տասնյակ զինյալներ իրենց զենքերը հանձնել են բանակին:
Հալեպում կանխվել է զինյալների մուտքը Հատաբ հրապարակ: Մեծ թվով զինյալներ են սպանվել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, Հանդարաթ, Հեյլան, Հայան թաղամասերում, Սինայիա քաղաքում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպում «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորումը 22 մարդ է սպանել: Բացի այդ, շարունակվում է ռմբակոծությունը հատկապես քաղաքի Սախուր, Համրա թաղամասերում: Սիրիական բանակի և ազատ բանակի միջև թեժ մարտեր են ընթանում Շեյխ Նաջար թաղամասում: Աղբյուրի տեղեկացմամբ, Ռեյմայի մերձակայքում և Յաբրուդում բախումների ժամանակ «Հըզբոլլահ»-ի և սիրիական բանակի տասնյակ անդամներ են սպանվել:
ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: