Ոչ թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժեր, այլ «հրաշալի քառյակ»: Արտահայտությունը պետք է ընկալել առանց թաքնված սարկազմի կամ ծաղրանքի, մանավանդ, որ քաղաքագիտության մեջ նման արտահայտություններն ընդունված են: Ձևակերպումը քաղաքագետ Լևոն Շիրինյանինն է, խորհուրդը' նույնպես: Լրագրողների հետ մարտի 15-ին կայացած հանդիպման ժամանակ Շիրինյանը հայտարարեց, որ գտել է նաև «այլընտրանքային ուժ» արտահայտության բացատրությունը: Քաղաքագետը թերթել է քաղաքագիտական բոլոր հնարավոր հանրագիտարաններն ու բացատրությունը չի ուշացել' այլընտրանքային ուժ կամ կառուցողական ընդդիմություն: Հենց այս գաղափարախոսությամբ շարունակելով խոսել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կամ հրաշալի քառյակի համախմբման մասին' Շիրինյանը շեշտեց, որ համախմբումը ձեռնտու կլինի նաև իշխանությանը:
ՀՀԿ-ական որոշ պատգամավորների ելույթներից այն տպավորությունն է ստացել, որ իշխանությունն էլ դեմ չէ նման բևեռի ստեղծմանը: Այս պարագայում, Շիրինյանը երկրորդական է համարում պնդումները, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արհեսատականորեն են դարձնում ընդդիմության առաջնորդ: «Միտում կա, թե ոչ, դա այլ հարց է, սակայն կարևորն այն է, որ երկրորդ բևեռի գործունեությունը պետության և ժողովրդի շահերից է»,-ասաց Շիրինյանը:
Վերջինիս գնահատմամբ' ԲՀԿ-ն ունի բոլոր շանսերը դառնալու ԱՄՆ դեմոկրատական կուսակցության հայկական մոդելը, սակայն այս առումով էլ կարևոր է, որ համախմբվել ցանկացող չորս ուժերը կարողանան լուծել հակասությունները. միմյանց չժպտան, սակայն սեղանի տակից իրար ոտք տրորեն: Ընդհանուր առմամբ, բոլոր հակասություններով հանդերձ, քաղաքագետը դրական է գնահատում երկրորդ բևեռի ստեղծումը: «Դա նշանակում է, որ կործանման ճանապարհին, դեռ հույս կա»,-Ռուզվելտի խոսքերն է մեջբերում Շիրինյանն ու խորհուրդ տալիս ընդդիմությանը շտապել, իսկ իշխանությանը' խանդո վ չլցվել: Միակ անհասկանալին' ՀՅԴ-ի մասնակցությունն է: Նրա գնահատմամբ, ՀՅԴ-ն ընդհանրություն չունի մերձենալու երեք ուժերին, սակայն դա էլ մեծ խնդիր չէ, քանի որ կարելի է կարճաժամկետ խնդիրների շուրջ հասնել համաձայնության: Ըստ քաղաքագետի' կարևորը ցանկությունն է:
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը' ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգությունը», տևական ժամանակ է բանակցում են համագործակցության եզրեր գտնելու ուղղությամբ: Սկզբում չորս ուժերը բանակցում էին Ազգային ժողովում կառավարության հրաժարականը պահանջելու շուրջ, սակայն դա տեղի չունեցավ, և այժմ նրանք միմյանց հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացնում և մշակում համագործակցության ճանապարհային քարտեզ: