Մամիկոն Խոջոյանի գիտակցությունը մասամբ վերականգնվել է, Արսեն Խոջոյանի մասին նոր լուր չկա:
Արտաքին աշխարհից միակ պաշտպանվելու միջոցը աշխարհի ձայները լսելն է: Մամիկոն Խոջոյանը նյարդայնանում է, երբ ականջակալը ընկնում է: Ամբողջ օրը ռադիո է լսում, կամ էլ հեռուստացույցի ձայնն է բարձրացնում: Առանց ձայների նույնիսկ քնել չի կարողանում: Հարազատներն ասում են, թե այդպես իրեն մենակ չի զգում:
Մամիկոն Խոջոյանի որդին տեսախցիկից հեռու հազիվ զսպում է արցունքները. հայրն իրեն չի ճանաչում: Հիշողությունը մասամբ է վերականգնվել: Գիտակցությունն էլ երբ վերադառնում է' մեկ նախադասություն է կրկնում' ուզում եմ հողում պառկել: Ի՞նչ է նշանակում ադրբեջանական գերութունից վերադարձած նախկին գերու այդ խոսքը' միայն ենթադրել կարելի է: Նյարդաբաններն են աշխատում Մամիկոն Խոջոյանի հետ, վնասվածքաբանության բաժանմունքում էլ պատրաստվում են շուտով վիրահատել:
Վիրահատությունից հետո, մեկ ամսից Մամիկոն Խոջոյանը կարող է վերադառնալ Վերին Կարմիրաղբյուր: Մինչև այդ գյուղում մեկ այլ Խոջոյանի մասին են լուրերի սպասում: Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է' Արսեն Խոջոյանը: Մարտի 7-ին է գերի ընկել: Ընտանիքը վերջին տեղեկությունը նրանից մարտի 12-ին է ստացել: Կարմիր Խաչի Բաքվի պատվիրակությունն է հանդիպել Արսեն Խոջոյանին:
Արսեն Խոջոյանը գերի էր ընկել Մամիկոն Խոջոյանի վերադարձից 3 օր անց: Խոջոյանների բարեկամները ենթադրում են, որ 22-ամյա երիտասարդը սահմանը հատել է պատահաբար: Արսենը սահմանն անցել է գյուղին պատկանող խաղողի այգիների մոտով, ասում են' Մալֆար կոչվող այդ վայրում դժվար է կողմնորոշվել' որտեղ է ավարտվում Հայաստանն ու սկսվում Ադրբեջանը:
Տեսանյութը` Armnewstv.am-ի: