Ոստիկանական համակարգի նախկին աշխատակից, 79-ամյա Հովհաննես Ռուշանյանը 10 տարի պայքարից հետո հասել է արդյունքի։ Նա և իր նման 20 նախկին ոստիկաններ, որոնք հաշմանդամ էին դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս, ընդգրկվել են 1998 թ-ին ընդունված՝ «Վետերանների մասին» օրենքի առաջին հոդվածում և պատերազմի վետերաններին հավասար իրավունքով ստանում են ամսական 25 000 դրամ պատվովճար։
Այս մասին Tert.am-ին ասաց Հովհաննես Ռուշանյանը՝ նշելով, որ թե´ ԱԺ-ն, և թե´ ՀՀ Նախագահը Կառավարության կողմից հավանության արժանացած համաձայնագրի նախագիծը հաստատել և վավերացրել են։
Նրանք պատվովճարը թոշակի հետ ստանում են այս տարվա հունվարի մեկից։
Նշենք, որ ԽՍՀՄ տարիներին ներքին գործերի համակարգում՝ քրեական հետախուզության ավագ օպերլիազոր աշխատած Ռուշանյանը 1991 թ-ից ցմահ ճանաչվել է 3-րդ, իսկ 1996 թ.-ից՝ 2-րդ կարգի հաշմանդամ:
Իր հաշմանդամությունը նա ստացել է ծառայողական պարտականությունները կատարելիս, մասնավորապես՝ տաքսիստներին թալանող ավազակախմբերից մեկի վնասազերծման ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով:
Նա 2005 թ-ից դատարաններում պաշտպանել է իր և իր նման շուրջ երկու տասնյակ հաշմանդամների իրավունքները և վերջապես հասել արդյունքի։