««Ժողովուրդ» օրաթերթի պաշտոնական կայքը՝ «armlur.am»-ը, «zhoghovurd.am»-ը, այսօր ողջ օրվա ընթացքում չի կարողացել ապահովել իր բնականոն գործունեությունը: Պատճառն այն է, որ մարտի 1-ից ակտիվ գործունեություն ծավալող կայքը այսօրվա ընթացքում արդեն 3-րդ անգամ DDOS հարձակման է ենթարկվում: Այս մասին ասված է լրատվամիջոցի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Արդյո՞ք այս հարձակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե՞ այլ կողմից է գալիս հարվածը, առայժմ մեզ չի հաջողվել պարզել: Մեր մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Արդյունքները կհրապարակենք իմանալուն պես:

 

Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի և «armlur.am»-ի խմբագրակազմը տեխնիկական խափանումների համար հայցում է ընթերցողների ներողամտությունը՝ հարձակման հեղինակներին հորդորելով ծիծաղելի աստիճանի պարզամիտ չլինել. համակարգչի թիկունքում թաքնվելով' լրատվամիջոցի գործունեությունը կաթվածահար անելը լռեցնելու ամենալավ տարբերակը չէ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի և «armlur.am»-ի խմբագրություն»,- նշված է հաղորդագրությունում: