araratnews.am Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հույս ունի, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանագամանքները պարզող քննությունն ավելի արագ ընթացք կունենա այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է նախկին վարչապետի մահվան օրը արված լուսանկարների տեսանյութը: Այս մասին հաղորդում է APSNY.ge-ն:

 

Բանն այն է, որ երեկ Youtube-ում ոմն Hakim Pasha օգտատիրոջ կողմից տեղադրվել է մի տեսանյութ, որում պատկերված են Զուրաբ Ժվանիայի և Քվեմո Քարթլի նահանգի ղեկավար Ռաուլ Յուսուպովի դիակների լուսանկարները, որոնց վրա կան բռնության հետքեր: Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածով' Ժվանիան և Յուսուպովը մահացել են շմոլ գազի թունավորումից: Սակայն շատերը Վրաստանում պաշտոնական վարկածին չեն հավատում: Նրանց թերահավատությունը, թերևս ամրապնդվել է նախօրեին լուսանկարների հրապարակումից հետո, որոնց վրա երևում են բռնության հետքեր:

 

Այդուհանդերձ, որոշ փորձագետներ կասկած են հայտնել լուսանկարների իսկության հարցում' նշելով, որ դրանք, հնարավոր է, մոնտաժվել են, քանի որ մահվան օրը Ժվանիայի և Յուսուպովի մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: