«Քննարկման առարկա ԲՀԿ-ն չի դարձրել այդ հարցը, այն պարզ պատճառով, որ երկրում առկա ծայրահեղ, լրջագույն խնդիրներն արդեն իսկ ձևավորել են օրակարգ»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն' անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ) այն տեսակետին, որ ինքը կողմ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա:

 

«Գրիգոր Գրիգորյանը հայտարարությամբ հանդես չի եկել, իրեն հարց է տվել լրագրողը սուրճի սեղանի շուրջ և տրվել է պատասխանը: Այնուամենայնիվ, մնացած մեկնաբանությունների համար պետք է դիմել ևս Գրիգոր Գրիգորյանին: ԲՀԿ-ի քննարկումների օրակարգը ձևավորված է ՀՀ քաղաքացու կողմից բարձրացվող, առանց դրա էլ տեսանելի, լրջագույն, ծայրահեղ լուրջ խնդիրների շուրջ»,-ասաց Ուրիխանյանը:

 

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր. «Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով 2008-ի մարտի 1-ին, հիշեցնենք, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարն ու փոխստիկանապետն էր, և ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու գործում առանցքային դերակատարներից մեկը, երեկ խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին։ «Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար (…): Ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ և համարում եմ նրան լավ «նախագահ»,– ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։